Կլիմայի փոփոխություններից զերծ չի մնացել նաև Հայաստանը: Թեև ջերմոցային արտանետումների հետևանքով գլոբալ տաքացման հարցում Հայաստանի մասնակցությունը չնչին է, սակայն մեր երկիրը չի կարող անմասն մնալ մեկուկեսից-երկու աստճանի սահմանում գլոբալ տաքացումը զսպելու համաշխարհային գործընթացներից: Համընդհանուր տաքացումն արդեն որոշակի վտանգ է ներկայացնում նաև Հայաստանի համար:
Նաթիա Նացվլիշվիլի (ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ) -1998-ից սկսած Հայաստանում տարեկան միջին ջերմաստիճանը բարձրացել է 1.38 աստիճանով, տարեկան տեղումները նվազել են 14 տոկոսով: Մենք նաև տարերային աղետների ավելացում ենք տեսնում:
Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ մեր երկրում անապատացման երևույթներ են նկատվում: Պատճառը անկախացումից հետո բնության նկատմամբ ունեցած անխնա վերաբերմունքն է՝ նշում է շրջակա միջավայրի նախարարը: Մասնավորապես, զգալիորեն կրճատվել են անտառածածկ տարածքներն ու բնության կենսաբազմազանությունը:
Հակոբ Սիմիդյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարար) - Սկսած մասնագետների կարողությունների հարթությունից ավարտած մինչև ուղիղ աշխատանքներ դաշտային, անտառների վերականգնում, ջրային ռեսուրսներ՝ բոլոր ուղղություններով կան աշխատանքներ: Բայց նաև մեր միջազգային պարտնյորների փորձի փոխանակման արդյունքում ցանկանում ենք ավելի բարձրացնել մակարդակը մեր աշխատանքների:
Ջերմաստիճանի բարձրացում, վերջին տարիներին Սևանի արագ գոլորշիացում, հողերի անապատացում՝ գլոբալ տաքացման հետևանքները Հայաստանում անզեն աչքով էլ նկատելի են՝ նշում է Հակոբ Սիմիդյանը: Նաև հողերի որակի վերականգնման խնդիր կա: Հայաստանում լուրջ խնդիր են նաև մեքենաների արտանետումները: Այս ամենը մեղմելու նպատակով մեր երկիրը պարտավորվել է մինչև 2030 թվականը ավելացնել անտառածածկ տարածքները:
Հակոբ Սիմիդյան - Մենք մինչև 2030 թիվը մեր անտառածածկ տարածքների մակերեսը 2-3 տոկոսով պետք է ավելացնենք, բայց եթե մենք ուզում ենք մինչև 2030 թիվը ավել անտառ ունենալ, մենք պետքա դա անենք մինչև 2025 թիվը, որովհետև անտառը պետք ա տնկես, անտառ դառնա: Շատ դժվար հասանելի թիվ է մեզ համար, բայց մենք ամեն ինչ պետք ա անենք, Հայաստանի մակերեսի 12.9 տոկոսը անտառածածկ դարձնել:
Ածխածնի արտանետումներով Հայաստանը թեև կրիտիկական երկրների շարքում չէ, սակայն մեքենաների արտանետումների ու օդում փոշու հաշվարկման չափորոշիչների փոփոխության կարիք կա:
Գայանե Գաբրիելյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ) - Մենք ունենք ածխածնային արտանետումների 0 պարտավորություն մինչև 2050 թվականը: Մեր բոլոր գործողությունները, ներդրումները միտված են երկրի ստանձնած պարտավորության իրականացմանը:
Այժմ շրջակա միջավայրի նախարարությունը մեքենաների արտանետումների ու օդում փոշու հաշվարկման գործող չափորոշիչները վերանայելու համար օրենսդրական փոփոխությունների առաջարկ է ներկայացրել Ազգային ժողով: