«Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության կողմից բարեփոխումների մեկնարկը տրված է: Մեր գլխավոր նպատակներից մեկը նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումն է, որի համար արդեն իսկ կատարվել են որոշակի աշխատանքներ»: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հայտարարել է արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը՝ Քրեակատարողական ծառայության 103-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ:
Գրիգոր Մինասյանը շնորհավորել է աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ. «Կառավարությունը պատրաստ է աջակցել յուրաքանչյուր նոր գաղափարի, որը հնարավորություն կտա բարձրացնել ծառայության արդյունավետությունը»:
Մինասյանն ընդգծել է, որ նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը պետք է իրականացնել հնարավորինս արագ, որպեսզի թե՛ նախարարությունը, թե՛ քրեակատարողական ծառայությունը ունենա բարեփոխված նոր հիմնարկ, որը հարիր կլինի քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին, իսկ դատապարտյալների պահման պայմանները կլինեն միջազգային չափանիշներին համապատասխան:
Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը շնորհակալություն է հայտնել Գրիգոր Մինասյանին՝ ներկա լինելու և աշխատակիցներին շնորհավորելու համար: Այնուհետև Ատոմյանը շնորհավորել է աշխատակիցներին՝ նշանակալի օրվա կապակցությամբ. «Քրեակատարողական ծառայողի ուժեղ կամքի, տոկունության, կամային բարձր հատկանիշների շնորհիվ կարողանում ենք հասնել հաջողության, պահպանել կարգ և կանոն քրեակատարողական հիմնարկներում: Մենք կարևորում ենք նաև այն վերասոցիալականացման ծրագրերը, որոնք իրականացվում են մասնագետների կողմից, սա հնարավորություն է տալիս ազատությունից զրկված անձանց պատիժը կրելուց հետո վերաինտեգրվել հասարակությանն ու լինել օրինապահ քաղաքացիներ»:
Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ՝ Գրիգոր Մինասյանի հրամանով, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը պարգևատրվել է «Քրեակատարողական ծառայության հոբելյանական» մեդալով:
Միջոցառման ավարտին ծառայության 13 աշխատակից պարգևատրվել է կրծքանշանով, իսկ 6 ծառայող՝ արժանացել է խրախուսանքի։