ԵԽԽՎ 47 ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ
ԵԽԽՎ 47 պատգամավոր գրավոր հայտարարությամբ դատապարտել է Հայաստանի սուվերեն տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիան, կոչ արել անհապաղ դուրս բերել զորքերը և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։
Օրենսդիրները շեշտել են, որ «այս գործողություններով Ադրբեջանը թիրախավորել է նաև Հայաստանի խիտ բնակեցված տարածքների քաղաքացիական ենթակառուցվածքները՝ պատճառ դառնալով մարդկային հարյուրավոր կորուստների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում»:
Հայտարարությունում նշվում է, որ կան խոշտանգումների, գերեվարված և մահացած զինվորների, նաև՝ կանանց խեղման դեպքերի սարսափելի ապացույցներ:
ՍԵՆԱՏՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ՀՀ
Ուրուգվայի Սենատը դատապարտել է Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք: Պատգամավորները նաև մտահոգություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական բախումների կապակցությամբ: Հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի զինվորականների իրականացրած պատերազմական հանցագործությունների մասին բազմաթիվ վկայությունների կապակցությամբ Սենատն ամբողջական և անաչառ հետաքննություն է պահանջել:
Ուրուգավայի փոխնախագահ Բեատրիս Արգիմոնը ողջունել է Սենատի որոշումը:
«Միանում եմ Ուրուգվայի Սենատի միաձայն հայտարարությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների վերաբերյալ: Մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին»,- գրել է նա Թվիթերի միկրոբլոգում:
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՀ-ԵՄ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, նույն խմբակցության պատգամավորներ Արման Եղոյանն ու Արուսյակ Ջուլհակյանը հանդիպել են Եվրախորհրդարանի գործընկերների հետ: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող մի շարք հարցեր:
Անդրադարձել է եղել Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը, քննարկվել են ստեղծված իրավիճակն ու ելքերը:
ԷՏԳԵՆԸ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը պատասխանել է Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանի նամակին:
Ֆերնանդ Էտգենը լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ շեշտելով, որ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ուղիղ հարձակում է Հայաստանի ինքնիշխանության վրա:
Նա տեղեկացրել է, որ որոշում է կայացվել Լյուքսեմուրգի խորհրդարանի բարձրաստիճան պատվիրակություն գործուղել Հայաստան:
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնն էլ կարևորել է ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Նա ընդգծել է, որ առաքելությունը կարող է նպաստել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
ԲԱՔՈՒՆ ՄԱԿՐՈՆԻ ԴԵՄ ԱՐՇԱՎՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼ Է ՆԱԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Բաքուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ արշավում ներգրավել է նաև երեխաների: Ադրբեջանի Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումներից մեկի շրջանակում երեխաները հաղորդավարի հետ Մակրոնին վիրավորող և հայամետության համար մեղադրող երգ են կատարել:
Մակրոնին մեղադրում են նաև անազնվության, կեղծիքի համար, նա ներկայացվում է որպես իսլամաֆոբ և թուրքաֆոբ:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 12-ին, France 2-ին տված հարցազրույցում Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան միայնակ չի թողնի Հայաստանին, նա նշել էր, որ մեր երկիրը միշտ պայքարել է տարածաշրջանում հանդուրժողականության և խաղաղության համար:
Մակրոնը նաև մեղադրել էր Ադրբեջանին 44-օրյա պատերազմը և այս տարվա սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հերթական ագրեսիան սանձազերծելու համար:
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՐՎԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆԻՆ
ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել Ռուսաստանի նախագահի՝ Դոնեցկում, Լուգանսկում, Խերսոնում և Զապորոժիեում ռազմական դրություն մտցնելու վերաբերյալ հրամանին։
Ըստ օրենքի՝ ռազմական դրության պայմաններում կարող են սահմանափակվել Ռուսաստանի քաղաքացիների, օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև կազմակերպությունների գործունեությունը, կարող է սահմանափակվել նաև տրանսպորտային միջոցների տեղաշարժը:
Բնակիչները կարող են ժամանակավորապես վերաբնակեցվել անվտանգ վայրերում, հնարավոր է պարետային ժամի սահմանում:
ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԽԵՐՍՈՆ 7 ՕՐՈՎ ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԻ
Խերսոնի տարածք խաղաղ բնակիչների մուտքը կսահմանափակվի յոթ օրով, տարածաշրջանում լարված իրավիճակ է ստեղծվել, հայտնել է շրջանի ղեկավար Վլադիմիր Սալդոն։
«Եթե մարտեր սկսվեն, քաղաքը կռմբակոծվի, մարդկանց քաղաքից հանել է պետք»,- ընդգծել է նա։
Սալդոն հավելել է՝ ռուսական կողմը չի պատրաստվում Խերսոնը հանձնել Ուկրաինայի զինված ուժերին:
«Պատրաստ ենք հետ մղել հարձակումները և անցնել հարձակման, սպասում ենք խաղաղ բնակիչների հեռանալուն»,- ասել է Սալդոն։