ԻՐԱՆԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏՎԵԼ ՀՀ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿՎԻ
Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը «Դիվանագիտության դաշտը» խորագրով վավերագրական ֆիլմի ընթացքում, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը, նշել է, որ Իրանը թույլ չի տվել, որպեսզի Հայաստանի հետ հաղորդակցական ճանապարհը փակվի:
«Մի վտանգավոր սցենար էր առաջ տարվում, որով նախատեսվում էր փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, ջանքեր գործադրվեցին անգամ Հայաստանի ու Իրանի միջև ճանապարհը փակելու ուղղությամբ: Իրանը դա թույլ չտվեց»,- նշել է Աբդոլլահիանը: Նրա խոսքով՝ խնդիրը լուծվել է խաղաղ քաղաքական ճանապարհով՝ նախքան սահմանակից շրջաններում զորավարժությունների անցկացումը:
Իրանի գլխավոր դիվանագետը խոսել է նաև միջուկային գործարքի հնարավոր վերականգնման մասին, շեշտել՝ Թեհրանին համաձայնագրի վերականգնման համար հստակ երաշխիքներ են անհրաժեշտ:
«Իրանի շահերը պետք է ապահովվեն: Համաձայնագրի հետ կապված խնդիր կա՝ հակաիրանական պատժամիջոցների վերացման մասին դրույթները հստակեցված չեն»,- մտահոգություն է հայտնել նախարարը:
ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻՆ ՀԱՊԿ ԶՈՐԱԽՈՒՄԲ ՏԵՂԱԿԱՅԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ
Տաջիկստան-Ղրղզստան սահմանին իրավիճակը կարգավորելու համար վիճելի տարածքներում հարկավոր է ՀԱՊԿ զորախումբ տեղակայել՝ հայտարարել է Ղրղզստանի պաշտպանության նախարարը, հավելել՝ միայն դրանից հետո հնարավոր կլինի շարունակել սահմանազատման ու սահմանագծման գործընթացը։
«Սահմանին խաղաղություն և կայունություն չեն հաստատվի, քանի դեռ ղրղզների և տաջիկների միջև երրորդ կողմ չի կանգնել: ՀԱՊԿ-ի փոքր զորախումբը կարող է վերահսկել տեխնիկայի դուրսբերումը և հրադադարի ռեժիմի պահպանումը»,- նշել է Բակտիբեկ Բեկբոլոտովը:
Նրա խոսքով՝ Դուշանբեի հետ վիճելի տարածքների շուրջ կոնսենսուսի հասնելը բավականին դժվար կլինի, քանի որ կողմերից յուրաքանչյուրն իր դիրքորոշումն ունի։
«Սահմանին վիճելի իրավիճակ է շատ վաղուց՝ ոչ թե 30, այլ 98 տարի»,- ընդգծել է նախարարը։
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԱԶԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ԿՍՏԵՂԾՎԻ. ԷՐԴՈՂԱՆ
Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում միջազգային գազային հանգույց կստեղծվի՝ Եվրոպա ռուսական գազ մատակարարելու համար։
«Եվրոպան այժմ փորձում է հասկանալ՝ ինչպես տաքանալ գալիք ձմռանը: Մենք նման խնդիր չունենք: Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել ենք Թուրքիայում գազային կենտրոն ստեղծել: Այսպիսով, Եվրոպան գազ կպատվիրի Թուրքիայից»,- մանրամասնել է Էրդողանը:
Միջազգային գազային հանգույց ստեղծելու հարցը քննարկվել է հոկտեմբերի 13-ին Աստանայում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունների ընթացքում։ Էրդողանը հավատացրել է, որ այն կստեղծվի ամենակարճ ժամկետներում, ենթադրաբար՝ Թրակիայի շրջանում։
ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԽԵՐՍՈՆ 7 ՕՐՈՎ ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԻ
Խերսոնի տարածք խաղաղ բնակիչների մուտքը կսահմանափակվի յոթ օրով, տարածաշրջանում լարված իրավիճակ է ստեղծվել՝ հայտնել է շրջանի ղեկավար Վլադիմիր Սալդոն։
«Եթե մարտեր սկսվեն, քաղաքը կռմբակոծվի, մարդկանց քաղաքից հանել է պետք: Վերջին երկու օրվա ընթացքում Խերսոնը լքել է արդեն ավելի քան 5 հազար մարդ»,- ընդգծել է նա։
Սալդոյի խոսքով՝ Խերսոնի ղեկավար մարմինները նույնպես տեղափոխվում են Դնեպրի ձախ ափ։
«Ոչ ոք չի պատրաստվում Խերսոնը հանձնել Ուկրաինայի զինված ուժերին: Պատրաստ ենք հետ մղել հարձակումները և անցնել հարձակման, սպասում ենք խաղաղ բնակիչների հեռանալուն»,- ասել է Սալդոն։