Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ում Հայաստանն արդեն 3 մեդալ է նվաճել։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
77 կգ քաշայինների պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Մալխաս Ամոյանը՝ եզրափակչում 7:2 հաշվով առավելության հասնելով Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդր Գուտուի նկատմամբ։
87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը եզրափակչում 4։7 հաշվով ցավալի պարտություն է կրել Հունգարիայի ներկայացուցչից և հռչակվել երիտասարդական ԱԱ-ի փոխչեմպիոն։
Պատվո հարթակի երրորդ աստիճանին էլ կկանգնի 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը։ Վճռորոշ գոտեմարտում Պողոսյանը մրցել է Ուկրաինայի ներկայացուցիչ Մաքսիմ Լիուի հետ և հաղթանակ տարել։
Այսօր պայքարի դուրս եկած մեր 5 ըմբիշներից պայքարը կշարունակի միայն Սահակ Հովհաննիսյանը: 67 կգ քաշային հայ ըմբիշը վաղը՝ հոկտեմբերի 19-ին, սփոփիչ գոտեմարտ կանցկացնի և հաղթելու դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար։