Որ փոխադրողը սահմանված քաշից ավելի բեռ տեղափոխելով չվնասի ճանապարհը, Կառավարությունն առաջարկում է բարձրացնել առավելագույն քաշը գերազանցելու դեպքում սահմանված տուգանքի չափը: Այժմ իրավախախտումը կատարելու դեպքում, անկախ բեռի քաշից, տնտեսվարողը վճարում է 200 հազար դրամ, նոր կարգավորմամբ առաջարկվում է մինչև 1 տոննա և ավելի յուրաքանչյուր տոննայի համար կիրառել 200 հազար դրամ տուգանք: Մեկ այլ կարգավորմամբ էլ, եթե տնտեսվարողը խոչընդոտի տեսչական մարմնի աշխատակցի գործունեությունը կամ չկատարի տրված կարգադրագիրը, կենթարկվի վարչական պատասխանատվության:
Արմեն Դանիելյան (տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար) - Ֆիզիկական անձի համար 150 հազար դրամ, իրավաբանական և պաշտոնատար անձի համար՝ 250 հազար դրամ:
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացնելիս անդրադառնալով տուգանքի չափերին, Արմեն Դանիելյանը նշեց՝ սահմանված քաշը գերազանցող յուրաքանչյուր հաջորդ տոննան ավելի մեծ վնաս է հասցնում ճանապարհին: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն էլ հավելեց՝ տնտեսվարողները բողոքում են կարգավորումների խիստ լինելուց, բայց նախագիծը ավելի մեծ վնասը կանխելու միտում ունի:
Բաբկեն Թունյան (ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ) - Եթե օրենքի կարգավորումները խիստ չեն, և պատշաճ վերահսկողություն չկա, մենք վերջում բոլորս միասին դրա համար ավելի թանկ ենք վճարելու, որովհետև եթե ճանապարհը շարքից դուրս եկավ, այդ շարքից դուրս եկած ճանապարհը բոլորի մեքենաներն ավելի շատ է վնասելու, եթե շարքից դուրս եկած ճանապարհի համար գումար ծախսվի, բոլորի վճարած հարկերի հաշվին է լինելու:
Քննարկվող հաջորդ նախագծով Կառավարությունը նախատեսում է ակցիզային հարկով հարկել նիկոտին պարունակող կամ չպարունակող էլեկտրոնային ծխախոտը: Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ օրենքի ընդունմամբ կավելանա բյուջեի եկամուտը:
Արման Պողոսյան (ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ) - Մեկ միլիլիտրի համար 2022 թվականին առաջարկվում է 50 դրամ ակցիզային հարկ, 2023 թվականի հունվարի 1-ից՝ 55 դրամ ակցիզային հարկ:
Քննարկված նախագծերը հանձնաժողովում ստացան դրական եզրակացություն, դրանք կքննարկվեն խորհրդարանի լիագումար նիստում:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան