Մտքումդ առաջին բնորոշումը, երբ լսում ես դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսի անունը՝ արտասովոր, ասկետիկ, իսկ լրագրողի համար ամենադաժանը՝ չլուսաբանվող:
Ռուսաստանաբնակ հույն դիրիժորի արվեստը Հայաստանում վայելելու հնարավորություն մշակութասերներն ունեին հոկտեմբերի 14-17-ը՝ նույնպես մամուլից ու տեսախցիկներից հեռու:
Հյուրախաղերի մեկնարկը տրվեց Երևանում:
Մաեստրոյի հիմնադրած musicAeterna նվագախումբը, որն արդեն շուրջ 20 տարի գրավում է համաշխարհային բեմերը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կատարեց Չայկովսկի. շեղվելով համերգային օրակարգից՝ նաև Արամ Խաչատրյանի Ադաջիոն՝ «Սպարտակ» բալետից:
Հայ հանդիսատեսի համար առավել խորհրդանշական էր musicAeterna երգչախմբի կատարումը՝ Ալֆրեդ Շնիտկե՝ Կոնցերտ ակապելլա՝ ըստ Գրիգոր Նարեկացու բանաստեղծական տեքստերի:
Վիտալի Պոլոնսկիյ (MusicAeterna երգչախմբի գլխավոր խմբավար) - Առաջին անգամ ենք Հայաստանում: Մեզ համար այստեղ լինելը շատ կարևոր է: Շնիտկեն և Նարեկացին համամարդկային նշանակություն ունեն: Մեր երգչախումբը արդեն մեկ տասնամյակից ավելի ներկայացնում է Մատյան ողբերգության ֆանտաստիկ տեքստը՝ Նաում Գրեբնևի ռուսերեն թարգմանությամբ: Ցանկացած մարդ, որի համար կարևոր են ճշմարտությունը, խաղաղությունը, բարին, սերը, ինքնաճանաչումը, պարտավոր է իմանալ Նարեկացու տեքստը:
Կուրենտզիսը Հայաստան պետք է այցելեր դեռ 2020 թվականին, սակայն հյուրախաղերը հետաձգվեցին՝ կորոնավիրուսի պատճառով: MusicAeterna երգչախմբից Անդրեյ Նեմզերի կարծիքով՝ այս օրերին համերգը և Նարեկացու ստեղծագործություններն առավել խորհրդանշական են, նոր ենթատեքստ են ստանում:
Անդրեյ Նեմզեր (MusicAeterna երգչախմբի արտիստ) - Աշխարհի համար այս դժվար ժամանակներում Նարեկացու տեքստերը հույս են տալիս, ստիպում մարդկանց հասկանալ, որ ամենակարևորը ներդաշնակությունն է: Բոլորս պետք է ձգտենք մանկական մաքուր երջանկության և բարության: Նարեկացին սովորեցնում է ավելի գթասիրտ լինել ու սիրել:
Կուրենտզիսի ֆենոմենից խոսելիս արվեստագետները հիմնականում ընդգծում են անցյալն արդիականացնելու և ժամանակակիցը հավերժացնելու նրա տաղանդը, ամեն ելույթը խորհրդավոր ծեսի վերածելու կարողությունը:
Հերթական խորհրդավոր փերֆորմանսներից մեկի առաջնախաղը տեղի ունեցավ Զվարթնոցի տաճարում մայրամուտին: Կուրենտզիսի խումբը ներկայացրեց «Տառապանքը բոլոր լեզուներով նույն կերպ է հնչում» պար-ներկայացումը: Հյուրախաղերն ամփոփվել են հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը՝ Գյումրու Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում musicAeterna երգչախմբերի «Հավերժական լույս» ծրագրով:
Նախաձեռնությունն իրականացվել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և էկոնոմիկայի նախարարությունների մասնակցությամբ և Վարդուհի Նազարյանի նախաձեռնությամբ ու աջակցությամբ:
Արա Խզմալյան (ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Նման մեծանուն դիրիժորների և արվեստագետների այցը շատ ավելին էր, քան կարող էր լինել զուտ հյուրախաղը: Երբ ամբողջ հանրությունը քննարկում է մշակույթ, նշանակում է, որ այդ հանրությունը չի հանձնվել և չի պատրաստվում հանձնվել: Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր բանավոր զրույցների ընթացքում մաեստրոն շատ մեծ ցանկություն է հայտնում, որ այս համագործակցությունը լինի շարունակական: Մեծագույն սեր և հարգանք ունի մեր երկրի հանդեպ և ինքը սա ներկայացնում է որպես աջակցության ժեստ այս դժվարին օրերում հայ ժողովրդին:
Վիտալի Պոլոնսկիյ - Մեզ համար կարևոր է ցույց տալ, որ ժամանակակից պահանջմունքներից զատ կան բազային արժեքներ, որոնք կարևոր են հասարակության զարգացման համար. եթե մենք պահպանենք դրանք, գուցե փրկենք աշխարհը, փրկենք ինքներս մեզ: Հուսով եմ նաև՝ մենք կթողնենք մեր հետքը ձեր հնագույն մշակույթում: