«Դպրոցական սնունդ» ծրագրի գործընկերները՝ Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ), Ռուսաստանի Դաշնության ճյուղային սննդի ինստիտուտը (SIFI) և ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը Արմավիր մարզի Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցի տարրական դասարանների 93 աշակերտների հետ այսօր հավաքվել էին՝ նշելու Պարենի համաշխարհային օրը։
Պարենի համաշխարհային օրվա հիմնական նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունն աշխարհում առկա պարենային խնդրի վերաբերյալ։ Այն ևս մեկ առիթ է՝ անդրադառնալու, թե ինչ է արվում համամարդկային խնդրից՝ սովից, թերսնումից և աղքատությունից ազատվելու համար: Այս տարվա միջոցառման հիմնական նպատակն ուղղված է շրջակա միջավայրի, սնուցման ու պարենի արտադրության բարելավմանը, ինչպես նաև ագրոպարենային համակարգերի վերափոխմանն ու հետագա զարգացմանը:
Ամեն տարի ՀՀ դպրոցների տարրական դասարանների աշակերտները մասնակցում են առողջ սննդի հետ կապված թեմատիկ միջոցառումների, որոնք կազմակերպում են «Դպրոցական սնունդ» ծրագրի գործընկերները։
Պարենի համաշխարհային օրը մեծամորցի դպրոցականները տոնել են՝ մասնակցելով ինտերակտիվ թատերական ներկայացմանը, քվեստ խաղին և վարպետության դասին՝ ձեռք բերելով առողջ սնունդ ընտրելու հմտություններ, բույսերի աճի վերաբերյալ գիտելիքներ, ինչպես նաև տեղեկանալով, թե ինչպես իրենց ամենօրյա ընտրությունն ու քայլերը կարող են օգնել ավելի բարեկեցիկ ու կայուն ապագա կառուցել բոլորի համար:
Ներկայացման ընթացքում երեխաները հանդիպել են «Խոհանոցավանի պատմությունները»՝ առողջ սննդի հեքիաթային քաղաքի հերոսներին, ապա վերջիններիս հետ մասնակցել քվեստ խաղին, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են բույսեր աճեցնելու հիմնական կանոններին:
Խաղից հետո վարպետության դասի մասնակիցները ձեռք են բերել միկրոկանաչիներ աճեցնելու գործնական հմտություններ։