Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի երկրորդ պատվիրակությունն է Հայաստանում, այս անգամ՝ Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորությամբ:
Կառավարությունում կոնգրեսականների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ վերջին շրջանում հայ-ամերիկյան ինտենսիվ շփումներն ու բարձր մակարդակի այցելություններն էապես նպաստում են ռազմավարական երկխոսության շարունակական զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային և կարևորել Միացյալ Նահանգների ու միջազգային հանրության համարժեք ու հասցեական արձագանքը, շեշտել Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների անվտանգության ու իրավունքների ապահովման կարևորությունը: Վարչապետը բարձր է գնահատել նաև Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը:
Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահն անթույլատրելի է համարել Հայաստանի սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժումն ու նշել ադրբեջանական ստորաբաժանումների՝ անհապաղ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը: Դեյվիդ Փրայսը դատապարտել է հայ զինվորների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային վերաբերմունքն ու գործողությունները, կարևորել նաև մինչև օրս Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի ապահովումը:
ՍԻՄՈՆՅԱՆԸ ՆՇԵԼ Է՝ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԽԱԽՏՈՒՄ Է ՀՐԱԴԱԴԱՐԸ
Խորհրդարանում Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանն ընդունել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդարանի խոսնակը հայտնել է՝ չնայած, որ սեպտեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն, դրանից հետո ևս ադրբեջանական կողմը պարբերաբար շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: Սիմոնյանն ամերիկյան կողմին երախտագիտություն է հայտնել վերջին զարգացումներին հասցեական գնահատական տալու, Միացյալ Նահանգների միջնորդությամբ վերջերս Հայաստան վերադարձված 17 ռազմագերիների համար:
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆԱ ԵԼՄԱՆ ԴԻՐՔԵՐ. ՓՐԱՅՍ
Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան քննարկվել է նաև Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների և ԱՄՆ պատվիրակության համատեղ նիստում:
Էդուարդ Աղաջանյան (ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ) - Անկյունաքարային կարևորության խնդիրն է այս պահին Հայաստանի շուրջ տեղի ունեցող անվտանգային խնդիրները և մարտահրավերները, այս հարցերի վերաբերյալ բավականին բովանդակային և կարևոր խոսակցություն ենք ունեցել մեր գործընկերների հետ:
Ասուլիսի ժամանակ Էդուարդ Աղաջանյանն ընդգծեց՝ պատվիրակության այցը պետք է դիտարկել, որպես վերջին շրջանում հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ զարգացման հերթական հատված: Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսն էլ հիշեցրեց ԱՄՆ դիրքորոշումը:
Դեյվիդ Փրայս (ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ) - Երկկուսակցական և երկպալատային ջանքեր են ներդրվում ԱՄՆ-ի կողմից, մասնավորապես` գերիների վերադարձի ուղղությամբ: Մենք դեմ ենք Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը և պահանջում ենք, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր:
Ադրբեջանի գործողությունները դատապարտող և այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ նախատեսող բանաձևերը, որոնք շրջանառվել են Ներկայացուցիչների պալատում, քննարկվում են, նշեց Փրայսը: Կոնգրեսականը, սակայն, հարցի լուծման համար այլ քայլերի անհրաժեշտություն է տեսնում:
Դեյվիդ Փրայս - Շատ ավելի բարձր նպատակ կա՝ ոչ միայն բանաձև կամ հայտարարություն օրենսդիր մարմնի կողմից, այլև փաստացի հետևողականություն դիվանագիտական գործընթացում:
Դիտարկմանը, թե Միացյալ Նահանգները շարունակում է ֆինանսական օժանդակությունը ագրեսոր Ադրբեջանին, Դեյվիդ Փրայսը նշեց՝ հայերի անվտանգության հարցերը հաշվի են առնվել:
Դեյվիդ Փրայս - Մենք համոզվել և ապահովել ենք, որ այդ օգնությունը երբեք չօգտագործվի Հայաստանի դեմ և չօգտագործվի արցախյան հակամարտության խաղաղ գործընթացը որևէ ձևով խախտելու հարցում:
Արցախյան հիմնախնդրին անդրադառնալիս Էդուարդ Աղաջանյանը նշեց՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետևանքով տեղի է ունեցել իրավիճակի փոփոխություն, և Հայաստանի զինուժը որևէ վերահսկողություն չունի Արցախի տարածքների նկատմամբ, հավելեց՝ հետպատերազմական ժամանակահատվածում Հայաստանն Արցախին տրամադրել է աննախադեպ ֆինանսական օգնություն, սակայն շարունակական այս գործընթացը համեմատելի չէ ռազմական և անվտանգային երաշխիքների հետ:
Էդուարդ Աղաջանյան - Ռուս խաղաղապահ կոնտինգենտի առկայության պայմանով է պայմանավորված մեր արցախցիների անվտանգությունը և այն փաստը, որ մեր հայրենակիցները շարունակում են ապրել իրենց հայրենիքում:
ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՏԱՐԲԵՐ ՁԵՎԱՉԱՓԵՐՈՒՄ ՆՊԱՍՏԵԼ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հանձնախմբի նախագահը հայտնեց՝ իր երկիրը պատրաստ է բանակցությունների տարբեր ձևաչափերում նպաստել խնդրի կարգավորմանը:
Դեյվիդ Փրայս - Կարող եմ հաստատել մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին, կարող եմ ևս մեկ անգամ հաստատել մեր աջակցությունն այն քննարկումներին, որոնք ընթանում են այս պահին երկկողմ, նաև եռակողմ՝ մեր եվրոպացի գործընկերների հետ: Շատ բան կա քննարկելու, և դա պետք է արվի խաղաղ, բանակցային, բարի կամքով: Վստահ եմ՝ մեր երկիրն ակտիվ կլինի այդ գործընթացում:
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
Այցի շրջանակում Դեյվիդ Փրայսն ու պատվիրակության անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը և Էնդի Լևինը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում:
Հեղինակ` Նորայր Շողիկյան