Արժույթի միջազգային հիմնադրամը օրեր առաջ հրապարակել է հոկտեմբերի զեկույցը: Կառույցի գնահատմամբ՝ այս տարի Հայաստանի տնտեսական աճը կկազմի 7 տոկոս: Մեր Կառավարությունը կանխատեսել է, որ ՀՆԱ աճն այս տարի 11 տոկոս կլինի: Մասնագետների խոսքով՝ կանխատեսումները տարբեր են, որովհետև միջազգային կառույցները կարող են մի ռիսկն ավելի բարձր գնահատել, քան մեր Կառավարությունը, և հակառակը:
Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - Եթե հաշվի առնենք այն միտումները, որոնք որ կան այսօր, արձանագրված են՝ արտահանման դինամիկան, այցելուների ակտիվությունը էստեղ, նաև ռուս-ուկրաինական հակամարտության գոտում պահպանվող բարձր լարվածությունը, ինչը նշանակում է, որ առաջիկա ժամանակահատվածում հեռու է այն հանգուցալուծումը, որից հետո այն այցելուները, որ Ռուսաստանից Հայաստան են եկել, հետ կգնան, հետևաբար, կարծում եմ, որ Արժույթի միջազգային հիմնադրամի 7 տոկոս կանխատեսումը 22-ի համար թերագնահատված է որոշակիորեն:
Ըստ Քթոյանի՝ թերագնահատված է նաև կառույցի 2023-ի կանխատեսումը՝ 3.5 տոկոս, այն դեպքում, երբ Հայաստանի Կառավարությունը նվազագույնը 7 տոկոս է կանխատեսել: Ստեղծված իրավիճակում հնարավորինս ճշգրիտ կանխատեսում անելու որևէ մեթոդաբանություն չկա՝ պնդում են տնտեսագետները. դրանով է պայմանավորված, որ միջազգային ու պետական կառույցների կանխատեսումները պարբերաբար փոխվում են:
Մերի Հովսեփյան (տնտեսագետ) - Տարեսկզբին էս կանխատեսումները շատ ավելի ցածր էին, քան ներկայումս: Էստեղ հատկանշական է, որ եթե ամբողջ աշխարհում միջազգային կառույցները դիտարկում են համաշխարհային տնտեսական աճի դանդաղում, Հայաստանի համար աճի բարելավում են կանխատեսում:
Մեր երկրի ներկայիս տնտեսական աճի վրա տարբեր գործոններ են ազդել: Օրինակ՝ բանկային համակարգով տրանսֆերտները այս տարի եռակի աճել են, չնայած, շատ կանխատեսումների համաձայն, դրանք պետք է նվազեին: 2022 թվականի ամռանը Ռուսաստանից Հայաստան միայն բանկային համակարգով փոխանցումները գերազանցել են 1.2 մլրդ դոլարը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը 1 մլրդ դոլարով պակաս էր: Վերջին 6 ամսում 1.8 մլրդ դոլար է փոխանցվել, նախորդ տարվա նույն ժամանակահատվածից մոտ 1.3 մլրդ ավելի: Սա նշանակում է, որ 11 տոկոս տնտեսական աճը այս պահին իրատեսական է, բայց Հայաստան ժամանածների գործոնն այստեղ մեծ է՝ ասում է Արմեն Քթոյանը, զուգահեռ նաև 2021-22 թվականների հունվար-օգոստոսի մի քանի թվեր ներկայացնում:
Արմեն Քթոյան - Ֆինանսաբանկային ոլորտի պարագայում ընդլայնումը կազմել է 40 տոկոսից ավելի, տրանսպորտի պարագայում՝ 37 տոկոս, ՏՏ ոլորտը՝ 33 տոկոս, կացության, հանրային սննդի կազմակերպումը՝ նույնպես, առևտրի պարագայում կա զգալի ավելացում, մեծածախ առևտուրը էլի երկնիշ աճ է արձանագրել, մեքենաների առևտրի աճը 50 տոկոս է և այլն: Այսինքն՝ այն ոլորտներն են տնտեսական ակտիվության այս երկնիշ աճին լուրջ խթան հաղորդել, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են այդ այցելուների գործոնի հետ: Արտահանումը 50 տոկոս աճ է արձանագրել առաջին 8 ամիսներին:
Տնտեսագետ Մերի Հովսեփյանը ԱՄՀ տարածաշրջանի կանխատեսումներն է թվարկում, միայն Վրաստանին է հաջողվել առաջ անցնել Հայաստանից, մեր հյուսիսային հարևանի համար կառույցը 9 տոկոս աճ է կանխատեսել:
Մերի Հովսեփյան - Մյուսների պարագայում Հայաստանին տրված գնահատականը բարձր էր, իսկ ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանին տարվա գնահատականը առաջատար է:
Ի դեպ, այս ամիս զեկույց էր հրապարակել նաև Համաշխարհային բանկը, Հայաստանի համար կրկին 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսվել՝ նախկին 3.5-ի փոխարեն: