Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը կարգավորելու համար պետք է տեղակայվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահներ՝ կարծում է Ղրղզստանի պաշտպանության նախարար Բակտիբեկ Բեկբոլոտովը, հաղորդում է Interfax-ը։ Նրա կարծիքով՝ կողմերի միջև խաղաղության հասնելու այլ տարբերակ չկա։
«Մինչև մեր միջև հաշտարար չգա, խաղաղություն չի լինի։ Ես առաջարկել եմ մեր վիճելի տարածքներում ստեղծել ՀԱՊԿ փոքր զորախումբ՝ հակամարտությունը կարգավորելու համար, որը կլուծի մի շարք խնդիրներ՝ հրադադարի վերահսկողություն և պետական սահմանից ծանր տեխնիկայի դուրսբերում»,- ասել է Բեկբոլոտովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ:
Միայն դրանից հետո հնարավոր կլինի սահմանազատում իրականացնել՝ հավելել է Ղրղզստանի պաշտպանության նախարարը:
Ավելի վաղ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը խնդրել էր իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին օգնել լուծելու Տաջիկստանի հետ սահմանի սահմանազատման հարցը։ Ղրղզստանի անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովի խոսքով՝ ՌԴ նախագահը խոստացել է մտածել այդ մասին։