Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 18-ին միաձայն քվեարկել է խորհրդի անդամ հայազգի Փոլ Կրեկորյանին խորհրդի նախագահ ընտրելու օգտին: Այս պաշտոնում նա առաջին ամերիկահայն է, հայտնում է «Զարթոնք մեդիան»:
2012 թվականին Կրեկորյանն ընտրվել էր Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ֆինանսաբյուջետային կոմիտեի նախագահ։
Քվեարկությունից անմիջապես հետո Կրեկորյանը հայտարարություն է տարածել, որում ասել է, որ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը մեծ խնդիր ուներ՝ վերականգնելու հանրության վստահությունը իր ընտրված ներկայացուցիչների նկատմամբ։
Քաղաքային խորհրդի ժամանակավոր նախագահ Միթչ Օ'Ֆարելը շնորհավորել է Կրեկորյանին՝ նշելով. «Շնորհավորում եմ խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանին՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահի պաշտոնում՝ որպես այդ պաշտոնում առաջին ամերիկահայը ընտրվելու կապակցությամբ: Փոխանցավազքը հանձնելով խորհրդի նախագահ Կրեկորյանին՝ ես լիակատար հավատ և վստահություն ունեմ, որ նա կօգնի առաջնորդել մեր քաղաքը փորձառությամբ, հաստատակամ ձեռքով և միավորող ձայնով, որը պահանջում են այս դժվար ժամանակները: Ցանկանում եմ աշխատել խորհրդի նախագահ Կրեկորյանի և իմ բոլոր գործընկերների հետ»: