2020-ի պատերազմի հետևանքով Շուշիում է մնացել գեղարվեստի գործերի 13 հավաքածու: Լուսանկարներով ու անհերքելի փաստերով կորսված գործերի մասին տվյալներ են հավաքվում: Ավելի քան 168 կտավ գեղանկարիչ Սամվել Թավադյանի արվեստանոցում էր: Բերդաքաղաքում է մնացել նրա 20 տարվա ստեղծագործական աշխատանքների հավաքածուն:
Սամվել Թավադյան (գեղանկարիչ) - Տարիների ստեղծած աշխատանքների մի մասը ես նվիրել եմ, վաճառել եմ, բայց այդ հավաքածուն, այն, ինչ ներկայացվել է նաև իմ արվեստանոցում, մի քիչ մեծ է թիվը, ուղղակի լուսանկարներ չկային, դրա համար այն, ինչի լուսանկարը ես ունեի, այն եմ տրամադրել:
Պետական հավաքածուների բացահայտման համար ևս զգալի աշխատանք է կատարվել՝ ասում է Արցախի բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի համակարգողը:
Սերգեյ Շահվերդյան (Արցախի բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի համակարգող) - Թանգարաններ սովորաբար մարդիկ էին այցելում: Այդ մարդիկ լուսանկարվում էին թանգարաններում: Լուսանկարների մեջ կային ոչ միայն այդ մարդիկ, այլև շրջակա միջավայրը: Այդպես բոլոր լուսանկարները, որոնք հասանելի էին, ուսումնասիրեցինք, մեկ-մեկ հանեցինք:
Շուշիի թանգարաններում և պատկերասրահներում կային ժամանակավոր ցուցադրման համար բազմաթիվ կտավներ և քանդակներ: Սեփականատերերը դատական ճանապարհով կարող են պահանջել դրանք Ադրբեջանից: Օրինակ՝ կերպարվեստի թանգարանում 600-ից ավելի կտավ և քանդակ է մնացել:
Լուսինե Գասպարյան («Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ տնօրեն) - Այդպիսիք են, օրինակ՝ Դավիթ Բուռլյուկ, Գարզու, Ժանսեմ, Ռուդոլֆ Խաչատրյան, Էդգար Շահին, շատ և շատ՝ Նիկոլայ Նիկողոսյան: Ցանկը բազմապիսի է, բազմաթիվ հեղինակավոր նկարիչների գործեր են մնացել:
Այս պահին 1026 ստեղծագործության մասին հստակ տվյալներ կան: Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի համոզմամբ՝ մշակութային ժառանգությունը ոչնչացնելու ադրբեջանական քաղաքականությունը կանխելու գործում այդ փաստերը կարևոր են: Մշտադիտարկման արդյունքները կարող են փրկել էթնոցիդից:
Արտակ Բեգլարյան (Արցախի պետական նախարար) - Հանրայնացնելով, միջազգային կառույցներին ներկայացնելով հիմնավոր ապացույցներ, զեկույցներ՝ դրա միջոցով հնարավորինս միջազգային գործիքակազմեր կիրառել, որպեսզի կանխենք մեր մշակութային ժառանգության ոչնչացումը Ադրբեջանի կողմից:
Արխիվային կադրերում Շուշիի քանդակների միջազգային պուրակն է՝ կերպարվեստի պետական թանգարանի հարևանությամբ: Արբանյակային լուսանկարներում պարզ երևում է, որ պուրակն արդեն չկա: