Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեն կարող է ունենալ դեպոզիտ հաշիվ: Դեպոզիտ հաշվի ֆինանսական միջոցների տնօրինման կարգը սահմանվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից: Առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների լիազորությունները դադարելու դեպքերի թվում ավելացնել նաև վերջիններիս կողմից պաշտոնից ազատվելու գրավոր դիմումը վարչապետին ներկայացնելու դեպքը: Նախագծով առաջարկվում է կարգավորել նաև Առաջին կազմի մրցութային հանձնաժողովի գործունեության ավարտման հետ կապված հարաբերությունները:
Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի խոսքով` նախագիծն ուղղված է հակակոռուպցիոն կոմիտեի ֆունկցիոնալ գործառույթների բարելավմանը:
««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի լրամշակված տարբերակն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաև ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախարարություններին վերապահվում է սահմանված ոլորտներում Կառավարության քաղաքականությունը մշակելու և իրականացնելու իրավասություն, որը ենթադրում է նաև քաղաքականության իրականացման մշտադիտարկում և գնահատում, որոնց արդյունքներն անհրաժեշտ են ընթացիկ խնդիրների վերհանման և քաղաքականության կատարելագործման համար:
Հակակոռուպցիոն ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնելու իրավասությամբ օժտված նախարարությունը ՀՀ արդարադատության նախարարությունն է, բայց, քանի որ դա փաստաթղթով արձանագրված չէ, ՀՀ միջազգային պարտավորությունների, մասնավորապես, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գնահատման շրջանակում արձանագրված է որպես խնդիր:
Ուստի անհրաժեշտություն է առաջացել օրենքով հստակ ամրագրել նման իրավասությունները` տարընկալումները բացառելու և նշված գործառույթներն իրականացնելու համար հստակ իրավական հիմքի առկայությունն ապահովելու նպատակով:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի առաջարկով մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել է ««Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը:
Նախագծերը քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 18-ի նիստում: