Մի շարք աղմկոտ գործեր քննած դատավորն ու բազմաթիվ աղմկոտ գործերում ներգրավված փաստաբանը` Ազգային անվտանգության ծառայության դիտակետում:
Գլխավոր դատախազը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու թույլտվության միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել է:
Ժիրայր Ղարագյոզյան (Էրիկ Ալեքսանյանի փաստաբան) - 441-րդ հոդվածի 2-րդ մասն է, գործերից մեկի շրջանակներում իբրև թե վերագրում են, որ օժանդակել, միջամտել է պաշտոնատար անձի, մասնավորապես` դատավորի մասնագիտական գործունեությանը:
Էրիկ Ալեքսանյանը, սակայն, կասկածանքը չի ընդունում, նրա փաստաբանը այն քաղաքական հետապնդում է որակում, նշում՝ Ալեքսանյանին ցանկանում են լռեցնել:
Ժիրայր Ղարագյոզյան - Բոլորն էլ գիտեն թե ինչպես է գործունեություն ծավալում Էրիկ Ալեքսանյանը` օրենքի տառին համապատասխան: Էս մասնագիտական գործունեության ընթացքում Էրիկ Ալեքսանյանը որևէ ապօրինի գործունեություն չի ծավալել, որևէ միջամտության մասին խոսք լինել անգամ չի կարող:
Ըստ որոշ տեղեկությունների՝ դատավորի ու փաստաբանի կասկածանքը վերաբերում է այսպես կոչված «օրենքով գողի» առնչվող գործերից մեկին:
Ժիրայր Ղարագյոզյան - Նման տեղեկություններ չեմ կարող ձեզ հայտնել, որովհետև մենք քրեական վարույթի նյութերին դեռևս չենք տիրապետում:
Իսկ որտեղից է ձերբակալվել փաստաբանը:
Ժիրայր Ղարագյոզյան - Աջափնյակ նստավայրի դատարանի բակից, որտեղ Էրիկ Ալեքսանյանը իրականացրել է իր մասնագիտական գործունեությունը:
Ըստ փաստաբանի՝ հարկադրանքի միջոց կիրառելիս իր վստահորդի նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել: Պաշտոնապես, սակայն, չի հաղորդվում, թե ինչ վարույթի շրջանակում են անցնում դատավորն ու փաստաբանը:
Գլխավոր դատախազություն - Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն: Փաստաբանին առաջադրված մեղադրանքը փոխկապակցված է ՀՀ գլխավոր դատախազի վերոնշյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստական տվյալների հետ: «Փաստաբանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի երրորդ պարբերության հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը փաստաբանին ձերբակալելու մասին տեղեկացրել է Փաստաբանների պալատի նախագահին:
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը պաշտպանություն է ստանձնել Աղվան Հովսեփյանի, Արմեն Չարչյանի, Վազգեն Մանուկյանի, Առուշ Առուշանյանի, Արմեն Գևորգյանի և մի շարք քրեական հեղինակությունների գործերով:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան