ԻՐԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՈՐԵՎԷ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
«Իրանի և հարևան երկրների միջազգային սահմանները չեն կարող փոփոխվել»`հայտարարել է Իրանի Իսլամական խորհրդարանի «Հեղափոխական ուժեր» խմբակցության անդամը: Սեյեդ Մոհամմադ Ռեզա Միրթաջ ալ-Դինին, անդրադառնալով Ադրբեջանի ու Հայաստանի տարաձայնություններին և Իրանի դերին այս խնդրի լուծման հարցում, հայտարարել է, որ Իրանը երկու երկրների հարևանն է և նրանց հետ ունի բազմաթիվ կրոնական և մշակութային ընդհանրություններ: «Երկու երկրների հետ Իրանի կապերը կարող են օգնել լուծել ծագած տարաձայնություններն ու խնդիրները, և Թեհրանը կարող է արդյունավետ գործողություններ ձեռնարկել այս ուղղությամբ»՝ հայտարարել է Միրթաջ ալ-Դինին: Նա հավելել է, որ Իրանը գործում է իր հնարավորությունների սահմաններում՝ լուծելու խնդիրները, հավելելով. «Միջազգային սահմանները չպետք է փոխվեն: Այդ սահմանները պատմական են և հաստատուն են մի քանի դար: Իրանը չի ընդունի սահմանների որևէ փոփոխություն»:
ԻՐԱՆԸ ՇՈՒՏՈՎ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ. ՔԱՆԱՆԻ
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ Թեհրանը շուտով պատասխան միջոցներ կսահմանի Եվրամիության նոր պատժամիջոցների կապակցությամբ։ ԵՄ-ը երեկ Իրանի 11 ֆիզիկական անձանց և 4 կազմակերպության դեմ պատժամիջոցներ էր սահմանել՝ ի պատասխան Իրանի ղեկավարության կողմից երկրում շարունակվող բողոքի ակցիանների ճնշմանը։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը եվրոպական պատժամիջոցներն անվանել է միջազգային իրավունքի խախտում, միջամտություն Իրանի ներքին գործերին։ Քանանին անդրադարձել է նաև Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր տրամադրելու վերաբերյալ Վաշինգտոնի մեղադրանքներին՝ ևս մեկ անգամ պնդելով, որ Իրանը հակամարտության կողմերից և ոչ մեկին զինամթերք չի տրամադրում: Ավելի վաղ, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները համաձայն է բրիտանական և ֆրանսիական գնահատականների՝ Իրանի կողմից Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը: Ուկրաինան բազմիցս մեղադրել է Թեհրանին՝ հայտարարելով, որ վերջին շաբաթների ընթացքում ռուսական կողմը կիրառել է իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ
Այսօր առավոտից Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել. առավոտյան երեք պայթյուն է որոտացել Կիևի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներում՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Կիևի քաղաքապետն էլ հայտնել է, որ թիրախավորվել են քաղաքի հյուսիս-արևելյան թաղամասի ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտները։
ԿԱՆԱԴԱՆ ԸՆԴԼԱՅՆԵԼ Է ՌԴ-Ի ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Կանադան ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: Պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանից 34 ֆիզիկական անձանց, այդ թվում՝ նախագահի օգնականի, մշակույթի նախկին նախարարի, ինչպես նաև «Զվեզդա» հեռուստաալիքի նկատմամբ: Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են նաև դերասաններ, լրագրողներ, հաղորդավարներ: Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Պետդումայի «Նոր մարդիկ» խմբակցության ղեկավար Ալեքսեյ Նեչաևը։
ԱԷՄԳ ՂԵԿԱՎԱՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԿՐԿԻՆ ՀԱՆԴԻՊԵԼ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրրոսին հայտարարել է որ ցանկանում է կրկին հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Գրոսսին հույս է հայտնել որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի ընդհանուր հայտարարի գալ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգային գոտու ստեղծման հարցում:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը նշել է, որ ՌԴ նախագահ Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ արդյունավետ քննարկումներ է ունեցել, և հիմա անհրաժեշտ է շարունակել քննարկումները:
ՅԵՅՍԿՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱ 13 ԶՈՀ
Կրասնոդարի երկրամասի Յեյսկ քաղաքի բնակելի թաղամասում Սու-34 ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, նրանց թվում կա երեք երեխա, 19 մարդ վիրավորվել է՝ հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարարությունը: Սու-34 կործանիչ-ռմբակոծիչը կործանվել էր շարժիչներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով:
ԼԻԶ ԹՐԱՍԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԻՑ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասն ներողություն է խնդրել իր ծրագրում թույլ տված «սխալների» համար, որոնք հանգեցրել են երկրում ներդրողների անվստահության և վարկանիշի անկման: Թրասը, սակայն, խոստովանել է, որ հրաժարական տալ չի պատրաստվում: «Ես մնում եմ, որովհետև ինձ ընտրել են այս երկրի համար աշխատելու: Հաջորդ համընդհանուր ընտրություններին ես կգլխավորեմ Պահպանողական կուսակցությունը»,- հայտարարել է Թրասը BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։Մեծ Բրիտանիայի վարչապետն ավելացրել է, որ չի հրաժարվում «կատարված սխալների» պատասխանատվությունից: Մի քանի օր առաջ հրաժարական էր տվել Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Քվազի Քվարթենգը: Նա ֆինանսների նախարար է նշանակվել սեպտեմբերի սկզբին։ Երկուսուկես շաբաթ անց նա խորհրդարանում ներկայացրել էր տնտեսությանն աջակցելու ծրագիր, որը ներառում էր հարկերի զանգվածային կրճատումներ: Դրանից հետո Թրասսի կառավարությունը բուռն քննադատությունների էր արժանացել. մասնագետները մտավախություններ էին հայտնել, որ դա կհանգեցնի պետական պարտքի ավելացման: