ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողության ներկայացուցիչներին, որոնք նախարարին են փոխանցել իրենց դիմումը՝ բուհերի խոշորացման նախագծի վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Ժաննա Անդրեասյանը:
«Մենք պատրաստ ենք եղել, հիմա էլ պատրաստ ենք առողջ քննարկման. այս գործընթացը լինելու է փուլային, կառուցողական: Կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է մանրակրկիտ ուսումնասիրել: Նախագիծը պատրաստ ենք քննարկել ինչպես ուսանողների, այնպես էլ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և գործընկեր մյուս բուհերի հետ»,- նշել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` շեշտելով, որ նախագիծը երաշխավորում է ուսանողների կրթության իրավունքի լիարժեք ապահովումը և հետապնդում է կրթության որակի բարելավման հստակ նպատակ:
Վահրամ Դումանյանը նշել է, որ պատրաստ է հանդիպումներ ունենալ Բրյուսովի անվան պետական համալսարանի, ինչպես նաև խոշորացման ծրագրում ընդգրկված մյուս բուհերի` Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ` գիտակրթական խնդիրները քննարկելու օրակարգով: Նախարարը փաստել է, որ գաղտնի որևէ գործընթաց տեղի չի ունեցել և չի կարող ունենալ. բուհերի միավորման վերաբերյալ կայացված որոշում այս պահին չկա և առաջիկա մեկ ամսվա ընթացքում չի կարող լինել, քանի որ սահմանված ընթացակարգը նաև որոշակի ժամկետներ է պահանջում:
Ըստ նախարարի՝ աշխատանքային նախագիծն այս պահին պետական կառույցների համաձայնեցման և իրավական ձևակերպումների հստակեցման փուլում է: Մշակվող նախագծի հիմքում բուհական համակարգի արդյունավետությունից բխող գիտաչափական տվյալներ են դրված, որոնք լրամշակման և խմբագրման կենթարկվեն ակադեմիական քննարկումների և հիմնավոր մասնագիտական առաջարկությունների արդյունքում:
«Մենք պետք է հասկանանք և որպես ելակետ ընդունենք այն սկզբունքը, որ բուհական ցանկացած մասնագիտություն պետք է ունենա գիտական և հետազոտական բաղադրիչ, հակառակ պարագայում պետք է մտածենք և դիտարկենք, թե տվյալ մասնագիտությամբ բուհական կրթության իրականացումը որքանով է նպատակային: Բուհական և ակադեմիական միջավայրում նմանաբնույթ խնդիրների քննարկումն օրինաչափ է, և այս մասին քննարկումների ծավալումը հանրային շահարկման վերածելն անթույլատրելի է»,- նշել է Վահրամ Դումանյանը:
ԿԳՄՍ նախարարը նաև փաստել է, որ աշխատանքային նախագծի մասին դեռևս այս տարվա օգոստոսի 9-ին տեղեկացվել են վերոնշյալ բուհերի ռեկտորները, որոնց առաջարկվել է ներկայացնել առաջարկություններ բուհերի խոշորացման ծրագրի մշակումն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով: Բուհերի կողմից որևէ առաջարկ չի ներկայացվել: ԿԳՄՍ նախարարությունն այսօր էլ պատրաստ է քննարկել մասնագիտական և ակադեմիական հիմքեր ունեցող բոլոր շահեկան առաջարկությունները: