ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատրաստվո՞ւմ է, արդյոք, հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Նման հարց ուղղեցին ՀՀ ԱԳ նախարարին Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի հետ մամուլի ասուլիսի ընթացքում:
Հիշեցնենք, որ Թյուրքական պետությունների կազմակերպության ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Չավուշօղլուն պատրաստակամություն էր հայտնել հանդիպելու ՀՀ ԱԳ նախարարի հետ:
«Բաց և հրապարակային ենք արտահայտել մեր դիրքորոշումը, մենք շահագրգռված ենք երկխոսության հաջող ավարտով: Որևէ հանդիպում, որը կօգնի հասնել հաջող ավարտի, իհարկե, կարող է տեղի ունենալ:
Ուրիշ բան, ես կարծում եմ, որ այս հանդիպումների ընթացքում կողմերը պետք է անկեղծորեն և լուրջ քայլեր ձեռնարկեն երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման ուղղությամբ: Պատրաստ եմ այդպիսի հանդիպման, հուսով եմ՝ այդպիսի հանդիպումն ի վերջո շոշափելի արդյունքներ կգրանցի»,- ասաց Միրզոյանը: