Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատորների պալատը հայտարարություն է տարածել` պայմանավորված Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճով:
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատորների պալատը դատապարտում է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը, իր համերաշխությունն է հայտնում Ադրբեջանի հարձակման զոհ հանդիսացող հայ ժողովրդին, ինչպես նաև Ուրուգվայի հայ քաղաքացիներին: Սենատորների պալատը նաև իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ճնշման և ռազմական բախումների կապակցությամբ: Հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի զինվորականների կատարած պատերազմական հանցագործությունների մասին բազմաթիվ արձանագրությունների առկայության պայմաններում Սենատորների պալատը պահանջում է ամբողջական և անաչառ հետաքննություն, ինչպես բարձրաձայնվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Եվրոպական միության, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության կողմից:
«Սենատորների պալատը՝
մերժում է սպառնալիքի և ուժի կիրառումը՝ որպես տարաձայնությունների լուծման միջոց, հույս հայտնում, որ երկու երկրների միջև երրորդ երկրների միջնորդների ներգրավմամբ մեկնարկած դիվանագիտական բանակցությունները թույլ կտան համաձայնության հասնել՝ հիմնված միջազգային իրավունքի կիրարկման վրա և կապահովեն երկու երկրների միջև տևական խաղաղություն՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ամբողջականությունը և ինքնիշխանությունը,
հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին պահպանել լիարժեք հրադադար՝ հիմնված 2020 թ. եռակողմ հայտարարության վրա և վերականգնել երկխոսությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ և այլ համաձայնեցված ուղիներով, միջազգային հանրության աջակցությամբ և երաշխավորմամբ՝ ՄԱԿ-ի սկզբունքների համաձայն, ինչպես արտահայտվել է մեր արտաքին հարաբերությունների նախարարության կողմից ս.թ. 14/9/22-ի հաղորդագրությամբ»,- ասված է հայտարարության մեջ։