Շվեդիայի պաշտպանության նոր նախարար Փոլ Յոնսոնը հույս է հայտնել, որ երկիրը մինչև տարեվերջ կանդամակցի ՆԱՏՕ-ին: Այս մասին նա հայտարարել է շվեդական ռադիոյի հետ հարցազրույցում։
«Կառավարությունը հույս ունի մինչև տարեվերջ անդամակցելու, ես նույնպես հույս ունեմ։ Ոչ ոք շահագրգռված չէ, որ այդ գործընթացը երկարաձգվի։ Մենք՝ Ֆինլանդիան և Շվեդիան, պայմանագիր ենք կնքել Թուրքիայի հետ, որը կկատարենք»,- նշել է նա։
Նախարարը նաև ընդգծել է ընդհանուր պաշտպանության ամրապնդման կարևորությունը։ «Իհարկե, մենք սկսել ենք ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը, բայց նաև շատ կարևոր է, որ մենք ամրապնդենք համընդհանուր պաշտպանությունը»,- պարզաբանել է նա:
ՆԱՏՕ-ի միայն երկու երկրիր՝ Թուրքիան և Հունգարիան, դեռևս հավանություն չեն տվել կազմակերպությանն անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերին։
Մայիսի 8-ին Շվեդիան և Ֆինլանդիան դաշինքին անդամակցելու հայտեր են ներկայացրել, սակայն անդամակցության գործընթացն անմիջապես արգելափակել է Թուրքիան՝ այդ երկրներից պահանջելով ճանաչել Քրդական կազմակերպությունները որպես ահաբեկչական, արտահանձնել ահաբեկչության կամ 2016 թվականին երկրում հեղաշրջման փորձին մասնակցելու համար մեղադրվող անձանց և չեղարկել Անկարային զենքի մատակարարման արգելքները: Այդ երկրների ղեկավարների հետ հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել է, որ Շվեդիան խոստացել է հանձնել ավելի քան 70 անձանց, ովքեր ներգրավված են ահաբեկչական գործունեության մեջ:
Հեղինակ՝ Աննա Հովհաննիսյան