Արմավիր քաղաքում այս օրերին ոչ ոք քանդված փողոցներից կամ փոշուց չի բողոքում: Լուծվում է ամենակարևոր խնդիրներից մեկը՝ քաղաքում վերջապես շուրջօրյա խմելու ջուր կլինի:
Գևորգ Քարտաշյան (կապալառու ընկերության փոխտնօրեն) - Ըստ ծրագրի՝ նախատեսված է, որ Արմավիր քաղաքում պետք է կառուցվի 66.05 կմ երկարությամբ ջրամատակարարման ցանց: Այդ ցանցում բաշխիչ ջրագծերի ընդհանուր երկարությունը կազմում է 42.5 կմ, իսկ տնային միացումների երկարությունը՝ 24 կմ:
28 կմ բաշխիչ ցանցն արդեն պատրաստ է, 10 կմ ներտնային միացումները՝ արված: Ծրագրի արժեքը Արմավիրի համար ավելի քան 3 մլն եվրո է:
Գևորգ Քարտաշյան - Կապալառուն պլանավորում է մինչև այս տարվա սեզոնի վերջը ավարտել բոլոր խրամուղային աշխատանքները՝ խրամուղիների փորում, ավազի նախապատրաստական և պաշտպանիչ շերտի տեղադրում, խողովակների մոնտաժ և փորձարկում և հետլիցք:
Աշխատանքները կավարտեն մինչև տարեվերջ, որ հաջորդ տարվանից էլ սկսեն քանդած փողոցների բարեկարգումը:
Հրաչ Զալինյան (համայնքային ենթակառուցվածքների ծրագրի համակարգող) - Շահառուների թիվը 2400 է, այսինքն՝ աշխատանքների արդյունքում 2400 բաժանորդ ապահովված կլինի շուրջօրյա ջրամատակարարմամբ:
Խմելու ջրի նոր ցանց, բացի Արմավիրից, կունենան նաև Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մի շարք բնակավայրեր: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը լուծում է բնակավայրերի քայքայված ջրագծերի և կոյագծերի խնդիրները:
Հրաչ Զալինյան - Ծրագրի հիմնական նպատակը նշված համայնքներում՝ 23 համայնք Սյունիքի մարզում, 13՝ Շիրակի, 1՝ Արմավիրի, ևս 11-ը՝ Լոռու մարզում, շուրջօրյա ջրամատակարարման խնդրի լուծումն է:
Գոյություն ունեցող բաշխիչ ցանցերն են վերակառուցում, միաժամանակ՝ ընդլայնում, նոր ջրագծեր, կոյագծեր, նոր ջրամբարներ, քլորատներ, պոմպակայաններ կառուցում:
Հրաչ Զալինյան - Ծրագրի ընդհանուր ֆինանսավորման արժեքը 70 մլն 440 հազար եվրո է, որից 58 մլն 700 հազարը կազմում են գերմանական «Կա-Էֆ-Դաբլյու», Եվրոպական ներդրումային բանկի և Եվրամիության կողմից հատկացված դրամաշնորհը և վարկային միջոցները, մնացածը ՀՀ կառավարության համաֆինասավորումն է:
Ընդհանուր առմամբ ծրագրի շնորհիվ ավելի քան 17 600 շահառու շուրջօրյա ջրամատակարարում կունենա: 2021-ի մարտին մեկնարկած աշխատանքները կավարտվեն 2023-ի վերջին: