Շիրակի մարզի Արևիկ-Այգաբաց-Վարդաքար մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգումը մեկնարկել է 2021-ին։ Երեք տասնամյակից ավելի չնորոգված մոտ 5,7 կմ հատվածի ասֆալտապատման համար պետբյուջեից հատկացվել է 550 մլն դրամ։ Աշխատանքն արդեն ավարտական փուլում է։
Նազելի Բաղդասարյան (Շիրակի մարզպետ) - Ավարտին մենք կունենանք կենսական նշանակության մեկ ճանապարհ, որը ոչ միայն Արևիկը, Այգաբացը և Վարդաքարն է կապում իրար, այլև Արթիկի շուրջ 20 բնակավայրեր հնարավորություն կունենան այս ճանապարհով երթևեկելու: Այն կծառայի նաև որպես շրջանցիկ ճանապարհ, ինչի արդյունքում Գյումրի-Երևան մայրուղին կբեռնաթափվի։
Ճանապարհային դեպարտամենտի հետ քննարկել ենք մեկ այլ կենսական նշանակություն ունեցող հատված՝ Փանիկի ճանապարհը: Լիահույս ենք, որ հաջորդ տարի կկարողանանք այս հատվածը նույնպես ծրագիր մտցնել։ Բավրայի հատվածում էլ, կարծում եմ, շուտով կունենանք մրցույթի հաղթող, և աշխատանքները կմեկնարկեն։
Այս տարի Ախուրյանի 9 բնակավայրում իրականացվում է 959 մլն 838 հազար դրամի սուբվենցիոն 6 ծրագիր՝ ընթացքի մեջ է Հովիտ, Բասեն և Երազգավորս, Բենիամին բնակավայրերի ոռոգման ցանցերի հիմնանորոգումը, Ախուրիկում, Կառնուտում, Բայանդուրում կառուցվում են մանկապարտեզներ։
Անհետաձգելի համարվող կապիտալ ծախսերի ծրագրով այս տարի մասնակի կնորոգվեն նաև Արևիկի և Այգաբացի դպրոցները։
Սուսաննա Սիմոնյան (Արևիկի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Առկա խնդիրները ներկայացվեցին մարզպետին. մասնավորապես, ջեռուցման հարցը, որի վատ աշխատելու հետևանքով մի մասնաշենքը չի ջեռուցվում: Առկա խնդիրներից էր նաև սանհանգույցների հարցը։ Հրատապ հարցերի ցանկում սանհանգույցների հարցն ընդգրկված է։
Նազելի Բաղդասարյան - Այս տարի պետության կողմից անհետաձգելի ծրագրերի մեկ ամբողջական ցանկ ունենք, որտեղ ամենամեծ թիվը բոլոր մարզերի մեջ կազմում է Շիրակի մարզը: Մեծ թվով դպրոցներ են ընդգրկվել, և հիմնականում՝ գյուղական բնակավայրերից։ Այսօր այդ դպրոցներից մեկն այցելել ենք: Դա Արևիկի դպրոցն է, որը բազմաթիվ խնդիրներ ունի, բայց անհետաձգելի համարվողը սանհանգույցի խնդիրն էր, որն այս ծրագրով հնարավորություն կունենանք լուծելու, և մեկ առանձին դասարան կկառուցվի, որն անհրաժեշտ է այդ մասնաշենքում ունենալ:
Անհետաձգելի ծրագրերի մեկնարկը նախատեսված է նոյեմբերի 1-ին: Մրցույթներն անցկացվել են, պայմանագրերը՝ կնքվել: Մինչև տարեվերջ ծրագրում ներառված բոլոր դպրոցներում աշխատանքներն ավարտին կհասցվեն։