Ուկրաինական պատերազմի և աճող գնաճի պատճառով Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում լրացուցիչ չորս միլիոն երեխա հայտնվել են աղքատության մեջ. այս ցուցանիշը 19 տոկոսով ավել է 2021 թվականի համապատասխան ցուցանիշից. սրա մասին է ասվում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակած նոր հետազոտության մեջ:
Ուկրաինական պատերազմն ու հաջորդած տնտեսական անկման ազդեցությունը մանկական աղքատության վրա Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում հետազոտությունը պարունակում է տվյալներ տարածաշրջանի 22 երկրներից և փաստում է, որ ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի ամենածանր բեռը կրում են երեխաները:
Թեև երեխաները կազմում են բնակչության 25 տոկոսը, այս տարի նրանք կազմում են աղքատության մեջ հայտնված հավելյալ 10,4 միլիոն մարդկանց գրեթե 40 տոկոսը:
Ռուսաստանի Դաշնությանն է բաժին ընկնում ուկրաինական պատերազմի և տարածաշրջանում առաջացած ապրուստի հետ կապված ծախսերի ավելացման պատճառով աղքատության մեջ հայտնված երեխաների թվի ընդհանուր աճի գրեթե երեք քառորդը, ընդ որում, լրացուցիչ 2,8 միլիոն երեխա այժմ ապրում է աղքատության շեմից ցածր եկամուտով տնային տնտեսություններում: Ուկրաինայում են բնակվում աղքատության մեջ հայտնված լրացուցիչ կես միլիոն երեխաներ, սա երկրորդ ամենամեծ մասնաբաժինն է: Ուկրաինային հաջորդում է Ռումինիան՝ լրացուցիչ 110,000 երեխաներով:
Մանկական աղքատության հետևանքները շատ ավելին են, քան պարզապես ֆինանսական կարիքի մեջ ապրող ընտանիքների խնդիրները: Աղքատության կտրուկ աճի պատճառով կարող է գրանցվել ևս 4,500 երեխայի մահ մինչև վերջիններիս 1 տարին լրանալը: Ավելին՝ միայն այս տարի կրթությունից դուրս կարող է մնալ լրացուցիչ 117,000 երեխա,- ասվում է հետազոտության մեջ:
«Շատերի համար մանկական աղքատությունը հարատև է: Աղքատության մեջ ծնված և մեծացած յուրաքանչյուր երրորդ երեխա իր չափահաս կյանքը կապրի աղքատության մեջ, ինչը կհանգեցնի դժվարությունների և զրկանքների միջսերնդային ցիկլի»,- նշում է հետազոտությունը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում շարունակական և ընդլայնված աջակցություն ցուցաբերել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բարձր և միջին եկամուտ ունեցող երկրներում սոցիալական պաշտպանության համակարգերի ամրապնդման ուղղությամբ և առաջնահերթություն տալ սոցիալական պաշտպանության ծրագրերի ֆինանսավորմանը, այդ թվում՝ անապահով երեխաների և ընտանիքների համար դրամական աջակցության ծրագրերին: