ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերի 19-23-ը առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Հայաստանի տաղավարն այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:
Ցուցահանդեսում կներկայացվեն վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված օտարալեզու հայ գրականություն, ինչպես նաև համագործակցային մի շարք ծրագրեր:
Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում ազգային տաղավար ունենալու նպատակն է, որ գրական գործակալները և հրատարակիչները կարողանան իրենց հանդիպումներն անցկացնել հայաստանյան տաղավարում, ներկայացնել իրենց հրատարակությունները, գրողներին, գնել և վաճառել ստեղծագործությունների գույքային իրավունքներ:
Ֆրանկֆուրտի հայկական տաղավարում, ինչպես նաև մյուս ազգային տաղավարների և օտարերկրյա հրատարակչությունների ներկայացուցիչներին կներկայացվի «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն: Ծրագրի նպատակը հայ գրականությունը մեր երկրի սահմաններից դուրս հայտնի դարձնելն է: Այն նպաստում է նաև մեր մշակույթի և երկրի ճանաչելիության մակարդակի բարձրացմանը: «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ վերջին 4 տարում արտերկրում լույս է տեսել (և ընթացքում է) 67 գիրք՝ 20-ից ավելի լեզուներով:
Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության նպատակներ են՝ գրատարածման բնագավառում միջազգային համագործակցությունը, արտերկրում հայ գրականության հանրահռչակումը, գրական դաշտի բոլոր օղակների զարգացումը, գրական արտադրանքի միջոցով գրական մշակութային ժառանգության պահպանումը, զարգացումը և տարածումը, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման համար պայմանների ստեղծումը:
Հայկական պատվիրակության կազմում Ֆրանկֆուրտ կմեկնեն «Արի», «Առաջին» գրական գործակալությունները, «Անտարես», «Բուկինիստ», «Նյումեգ», «ԵՊՀ», «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին», «Վերնատուն», «Էդիթ պրինտ», «Ջի Էս Էմ» հրատարակչությունները, «Զանգակ» գրատունը:
Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում Հայաստանի ազգային տաղավարի հասցեն է՝ հոլ 4.0, տաղավար C90:
Ֆրանկֆուրտի՝ աշխարհի ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է քսան տարուց ավելի: Հինգ օրում այդ միջոցառմանը մասնակցում են ավելի քան 7 հազար ցուցադրողներ՝ աշխարհի 100 երկրից: