Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան առաջարկել է խզել դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ:
Ավելի վաղ Կիևը Թեհրանին մեղադրել էր Ռուսաստանին զենք մատակարարելու համար և կոչ արել անհապաղ դադարեցնել դա:
«Հաշվի առնելով Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքին իրանական անօդաչուների կողմից հասցված բազմաթիվ ավերածությունները, մեր ժողովրդին հասցված տառապանքը, ինչպես նաև Իրանի կողմից Ռուսաստանին զենքի մատակարարման հնարավոր շարունակության մասին հաղորդագրությունները, ես նախագահի քննարկմանն եմ ներկայացնում Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու առաջարկը»,- հայտարարել է Կուլեբան:
Ուկրաինայի ԱԳ նախարարը տեղեկացրել է նաև, որ Կիևը պաշտոնապես կդիմի Իսրայելին՝ հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու խնդրանքով: