Սահմանամերձ Կիրանց գյուղում կառուցվող դպրոցի նոր շենքի շինաշխատանքների գրեթե կեսն արված է, շինարարությունը արդեն տանիքին է հասել:
Արսեն Մամյան (աշխղեկ) - Ներկա պահին պատերը, դիաֆրագմաները լրիվ պատել ենք, կատարում ենք ամրանավորման աշխատանքները, ծածկի սալերն ենք տեղադրում: Ապաստարանի աշխատանքները լրիվ ավարտված են, մնում են հարդարման աշխատանքները և տանիքը:
Քանի որ շինությունը միջպետական ճանապարհի հարևանությամբ է, զուգահեռաբար կառուցվում է նաև հողաշերտի բարձրությամբ հենապատ:
Արսեն Մամյան - Որպեսզի հողը չթափվի դպրոցի տարածք, ճանապարհի եզրը պահպանելու համար հենապատ է նախատեսված, նաև՝ անվտանգության:
Դպրոցը կառուցվում է պետբյուջեի միջոցներով, «Փոքրաքանակ երեխաներով համալրված դպրոցների շենքային պայմանների բարելավման ծրագրի» շրջանակում: Նոր դպրոցը կունենա ինը դասասենյակ, աշակերտների թվի ավելացմամբ պայմանավորված՝ ընդլայնելու հնարավորությամբ: Շենքը կունենա և՛ միահարկ, և՛ երկհարկ հատվածներ՝ գրադարանով, համակարգչային դասարաններով: Այս առանձին մասնաշենքն էլ նախատեսված է մարզադահլիճի համար, դրսում կգործի մարզահրապարակ, և սա ամենը չէ:
Արսեն Մամյան - Դպրոցում նախատեսված են արևային մարտկոցներ՝ 67 կլվտ հզորությամբ: Շրջակայքը կբարեկարգվի, կան ծաղկանոցներ, գազոններ, ճանապարհներ՝ մոտեցնող, ասֆալտապատված: Ցանկապատման աշխատանքներն արդեն իսկ սկսված են, մի մասն արված է: Շատ ամուր կառույց է լինելու, սեյսմակայունությունը շատ բարձր է նախատեսված, մենք էլ այդպես կառուցում ենք:
Գյուղը երբևէ դպրոցի շենք չի ունեցել, գործել է հարմարեցված շինություններում: Այժմյան դպրոցն էլ մանկապարտեզի համար է նախատեսված եղել, երբևէ չի հիմնանորոգվել, որոշ հատվածներ 3-րդ և 4-րդ կարգի վթարային են: Կառույցի հարևանությամբ ապրող Հաղթանակ Նազարյանի 2 երեխաները այժմյան դպրոցն են ավարտել, ինքն էլ հիշում է իր գլխով անցածը:
Հաղթանակ Նազարյան (Կիրանց գյուղի բնակիչ) - Ես ավարտել եմ մինչև 3-րդ դասարանը Կիրանցում, հետո՝ Աճարկուտում, հետո՝ Իջևանի ուսումնարանում: Էսօր դպրոց են սարքում, մեր երեխեքը, սերունդները հերթով կավարտեն, լավ կսովորեն:
Եվս մեկ տարի, և Կիրանցի երեխաները կփոխեն դպրոցի ճամփան, նրանց առջև կբացվեն նոր դռներ և նոր հնարավորություններ: