ԻՐԱՆԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՍՏԱԿ ՈՒՂԵՐՁ ԵՆ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՆ. ԴԵՍՊԱՆ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները հարևան երկրների համար հստակ ուղերձ են, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին:
«Զորավարժությունները հարևան երկրների համար խաղաղության, բարեկամության և սահմանների կայուն անվտանգության հստակ ուղերձ են, իսկ թշնամիների համար՝ վճռական պատասխան արտատարածաշրջանային երկրների և ռեժիմների կողմից ցանկացած սպառնալիքներին և միջամտություններին»,- նշել է դիվանագետը։
ԿՈՒԼԵԲԱՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԽԶԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱՆԻ ՀԵՏ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը Վոլոդիմիր Զելենսկիին առաջարկել է խզել դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ: Կիևը մեղադրում է Թեհրանին Ռուսաստանին անօդաչուներ մատակարարելու համար: Ուկրաինայի արտգործնախարարը նշել է, որ իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ուկրաինայի ենթակառուցվածքին հասցվել է հսկայական ավերածություններ: Այս ֆոնին, Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն Գերագույն Ռադա է ներկայացրել Իրանի հետ հարաբերությունները խզելու և Իրանին որպես ահաբեկչություն հովանավորող պետություն ճանաչելու առաջարկ:
Թեհրանը հակադարձում է Կիևի պնդումներին: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ևս մեկ անգամ պնդել է, որ Իրանը հակամարտության կողմերից և ոչ մեկին զինամթերք չի տրամադրում: Դմիտրո Կուլեբան նաև հայտարարել է, որ այսօր Ուկրաինան պատոնապես դիմելու է Իսրայելին ՀՕՊ համակարգեր տրամադրելու խնդրանքով։ Նա հավելել է, որ եթե Իսրայելի քաղաքականությունն ուղղված է Իրանին հակազդելուն, ապա այժմ ժամանակն է բացահայտորեն աջակցել Ուկրաինային։
ՇԱՐՔԻՑ ՀԱՆՎԵԼ Է ԵՐԿՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ 30 ՏՈԿՈՍԸ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հոկտեմբերի 10-ից ի վեր շարքից հանվել է երկրի էլեկտրակայանների 30 տոկոսը: Նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն էլ նշել է, որ երկրում իրավիճակը կրիտիկական է. ուկրաինացիները պետք է պատրաստվեն լույսի, ջրի և գազամատակարարման անջատումներին: Նա նաև հայտնել է, որ Կիևի Դեսնյանսկի շրջանում այսօր առավոտյան հասցված հարվածների հետևանքով էլեկտրամատակարարումը և ջրամատակարարումը դադարեցվել են:
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՃԳՆԱԺԱՄԸ՝ ԵՄ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑ
Հոկտեմբերի 20-21-ը Բրյուսելում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի գլխավոր օրակարգային հարցը կլինի էներգետիկ ճգնաժամը, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
«Էներգետիկ ճգնաժամի կապակցությամբ մենք պետք է ամենահրատապ միջոցները ձեռնարկենք։ Մասնավորապես, մենք պետք է ակտիվացնենք գործողությունները երեք ուղղություններով՝ էներգառեսուրսների պահանջարկի կրճատում, մատակարարումների հուսալիության ապահովում և գների զսպում»,- ասել է Միշելը:
Նրա խոսքով՝ գագաթնաժողովը հնարավորություն կտա ուսումնասիրելու այն միջոցները, որոնք կարող են նվազեցնել էներգառեսուրսների գները, այդ թվում՝ ԵՄ երկրների կողմից գազի համատեղ գնման տարբերակը: