ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հոկտեմբերի 25-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում
կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը:
Մրցաշարի մեկնարկը կտրվի ժամը 13:00-ին:
1-ին տարիքային խմբի ներկայացուցիչների համար (2005-2007 թթ. ծնված դպրոցականներ) մրցաշարը կմեկնարկի Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն հարող տարածքից, իսկ 2-րդ և 3-րդ տարիքային խմբերի, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբի ներկայացուցիչները մրցավազքը կսկսեն Փարաքարի համայնքապետարանին հարող տարածքից:
Մասնակիցներին խնդրում ենք մրցավայր ներկայանալ մեկնարկից երկու ժամ շուտ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով: Առաջին տարիքային խմբում ընդգրկված կլինեն 15-17 տարեկան դպրոցականները, որոնք կհաղթահարեն 2 կմ մրցատարածությունը:
Երկրորդ տարիքային խմբում ընդգրկված կլինեն 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ:
Երրորդ խմբում ներառված կլինեն 36-ից բարձր կանայք և 41-ից բարձր տղամարդիկ: Առանձին գործող աթլետների խմբում էլ ընդգրկված կլինեն աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիները՝ առանց տարիքային սահմանափակման: 2-րդ և 3-րդ տարիքային խմբերի, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերի մասնակիցները (կանայք և տղամարդիկ) կհաղթահարեն 10 կմ մրցատարածությունը:
Մրցաշարին 3 տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:
1-ին տարիքային խմբի՝ 2 կմ վազք մրցաձևում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցահասակ տղաները և աղջիկները կպարգևատրվեն նաև համակարգիչներով, իսկ 2-րդ, 3-րդ խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-20-րդ տեղեր գրաված մասնակիցները (10 կմ) (կանայք և տղամարդիկ)՝ դրամական մրցանակներով:
2-րդ, 3-րդ խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում առաջին տեղը զբաղեցնող մասնակիցը կստանա 1 մլն դրամ, երկրորդ տեղը զբաղեցնողը՝ 600 հազար դրամ, 3-րդը՝ 400 հազար դրամ, 4-րդը՝ 150 հազար դրամ, 5-րդը՝ 100 հազար դրամ: 6-10-րդ տեղերը զբաղեցնողները կստանան 75 հազար դրամ, իսկ 11-20 տեղերը զբաղեցնողները՝ 50 հազարական դրամ: