Զվարթնոց տանող հատվածում տեղադրված ճանապարհային կշեռքի պատճառով վարորդները բողոքի ակցիայի էին դուրս եկել: Դժգոհ էին հատկապես համեմատաբար փոքր բեռնատարների վարորդները, որոնք առավոտից փակել էին Երևան-Էջմիածին մայրուղու Զվարթնոցի հատվածը:
Վարորդները պահանջում են, որ Կառավարությունը վերանայի հենակետով անցնող՝ մեծ ու փոքր բեռնատարների համար նույն չափորոշիչը սահմանելու և բարձր տուգանք նշանակելու մասին որոշումը: Վստահեցնում են՝ իրենց մեքենաների քաշը, բեռով հանդերձ, չի գերազանացում 18 տոննան:
Խոսքը 35-40 տոննա կշռող բեռնատարների մասին է, որոնց քաշը բարձված մինչև 100 տոննայի է հասնում: Վարորդներն ուզում են, որ իրենց փոքր բեռնատարները կշռվեն ոչ թե առանձին-առանձին սռնիներով, այլ ամբողջությամբ՝ բեռով հանդերձ: Ըստ իրենց՝ բեռը սռնիների վրա հավասարաչափ բաշխելը ճիշտ չէ, որովհետև փոքր բեռնախցիկով մեքենայի առջևի սռնու վրա 6 տոննա բեռնելը կդժվարացնի մեքենայի կառավարումը:
Հանքերում էլ կշեռք չկա, որ մեքենաները թույլատրելի չափով բեռնված ճանապարհ դուրս գան: Տարբեր հանքերում էլ, պայմանավորված ավազահատիկի չափից ու խոնավությունից, կշիռը կարող է տարբեր լինել: Վարորդները բողոքում ու պահանջում էին, որ Կառավարությունից գան, պատասխանեն իրենց հարցերին: Մի քանի անգամ փորձեցին կաթվածահար անել երթևեկությունը, ոստիկանները կանխեցին, սակայն մի պահ իրավիճակը դուր եկավ իրավապահների վերահսկողությունից, բախում տեղի ունեցավ ոստիկանների հետ: Եղան նաև բերման ենթարկվածներ:
Վարորդների բողոքին արձագանքեցին համայնքի ղեկավարությունն ու ոլորտի պատասխանատուները, նրանց հետ հանդիպեցին մարզպետարանում:
Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) - Մենք ընդունում ենք, որ խնդիրներ ունենք, որ բոլոր ճանապարհներին պետք է կշեռքներ լինեն, որ վարչարարությունը բոլորի նկատմամբ լինի, որ գերբեռնվածները չճողոպրեն:
Վարորդները հավաստիացրին՝ իրենց մեքենաները սովորաբար 18 տոննան չեն գերազանցում: Եթե նույնիսկ պատահում է, որ մինչև կես տոննա ավելի բեռ են ունենում, համաձայն են տուգանք վճարել, բայց ոչ թե 200 հազար, այլ 10 հազար դրամ:
Խաչիկ Սողոմոնյան (ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ) - Իրենց հասցրած վնասը շատ ավելին է՝ քաշի դեպքում, քան 10 հազար դրամը: Դա հաշվարկների արդյունքում է որոշվել, եթե կիրառվում է պատժամիջոց, դա պետք է համարժեք լինի, կամ՝ մի փոքր ավել, որ զսպի:
Վարորդները նաև բողոքում էին իրենց և արտասահմանյան արտադրության բեռնատարների վարորդների նկատմամբ խտրական վերաբերմունքից: Դժգոհում էին, որ այդ մեքենաները չեն կշռում ու չեն տուգանում: Պատկան մարմինները հերքում են.
Արամ Աղայան (ՀՀ ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության վարչության գլխավոր մասնագետ) - Հենակետով անցնող ցանկացած մեքենա կշռվում է և ենթարկվում է վարչական պատասխանատվության, չկա այնպիսի տրանսպորտային միջոց, որ չտուգանվի, որը մեր կողմից հայտնաբերվում է:
Վարորդների պահանջը կքննարկեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, որոշման մասին կտեղեկացնեն: