Եվրամիությունը որոշել է երկու ամսով դիտորդական առաքելության 40 մասնագետ ուղարկել Հայաստան. նրանք կտեղակայվեն հայ-ադրբեջանական սահմանին՝ նշված է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում։ Առաքելության նպատակն է մշտադիտարկել, վերլուծել իրավիճակն ու հաշվետվություն կազմել: Այս որոշումը հաջորդել է Եվրոպական խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպմանը:
Ժոզեպ Բորել (ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ) - Դիտորդական առաքելությունը միտված է վստահության ամրապնդմանը՝ ստեղծված անկայուն իրավիճակում, որը վտանգում է մարդկային կյանքեր և հակամարտության կարգավորման գործընթացը։ Սա ևս մեկ ապացույց է, որ ԵՄ-ն հանձնառու է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու վերջնանպատակին:
Առաքելության տեղակայումն արագացնելու համար որոշվել է ժամանակավորապես Հայաստան ուղարկել Վրաստանում ԵՄ-ի դիտորդական առաքելության փորձագետներին: Հայաստան-Ադրբեջան սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության անհապաղ տեղակայումը ողջունել է Եվրոպական խորհրդի նախագահը:
Շառլ Միշելը հույս է հայտնել, որ առաքելությունը կնպաստի վստահության ձևավորմանը և թույլ կտա կառույցին ավելի արդյունավետ աջակցություն տրամադրել սահմանային հարցերով հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում:
Այս ընթացքում Հայաստանում են ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամները: Նրանց հետ հանդիպել է պաշտպանության նախարարը: Սուրեն Պապիկյանը նրանց հետ գործակցելու և առաքելությանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Պաշտպանության նախարարին են ներկայացվել առաքելության հիմնական նպատակները, քննարկվել են նաև տեխնիկական հարցեր:
Առաքելության անդամները հանդիպել են նաև արտգործնախարարի հետ: Արարատ Միրզոյանի խոսքով՝ իրավիճակի մասին Եվրամիության երկրներին օբյեկտիվ տեղեկություն տրամադրելու գործում նրանց դիտարկումներն ու վերլուծությունները կարևոր դեր կունենան։