Եվրամիությունն առայժմ գազի առավելագույն գին չի սահմանի միության անդամ երկրներում քաղաքական տարաձայնությունների և վառելիքի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով՝ հայտնել է Bloomberg-ը:
«Եվրամիությունը նախատեսում է էներգետիկ ճգնաժամի լուծման համար նոր արտակարգ փաթեթ պատրաստել՝ շեշտը դնելով անդամ պետությունների միջև համերաշխության ամրապնդման վրա: Սակայն Միությունը ձեռնպահ կմնա գազի գների անհապաղ սահմանափակումից՝ քաղաքական տարաձայնությունների և մատակարարումների անվտանգության վերաբերյալ մտավախությունների ֆոնին»,- նշված է գործակալության հրապարակման մեջ:
Այն մասին, որ Եվրամիության անդամ երկրները գազի մատակարարման համար «դինամիկ գնային միջանցք» մտցնելու ծրագիր ունեն, ավելի վաղ հայտնել էր Reuters գործակալությունը: Նախագծի հեղինակների թվում էին Լեհաստանի, Իտալիայի և Հունաստանի ներկայացուցիչները:
Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը նախազգուշացրել էր, որ գազի առավելագույն գնի սահմանումը պայմանավորվածությունների խախտում է, ինչին ի պատասխան՝ Ռուսաստանը կարող է դադարեցնել մատակարարումները Եվրոպա: