Հայ-նորվեգական համագործակցությունը խարսխված է ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա: Այս մասին Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտի հետ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ավելի քան մեկ տասնյակ տարի դադարից հետո սա նորվեգական կողմի առաջին բարձրաստիճան այցն է Հայաստան: Մենք գնահատում ենք բարեկամ Նորվեգիայի արտգործնախարարի ներկայությունը Երևանում, հատկապես բազում մարտահրավերներով լի ներկայիս ժամանակահատվածում, ինչը, միանշանակ, հայ ժողովրդի հետ Նորվեգիայի համերաշխության նշան է: Հատկանշական է, որ Ձեր այցը տեղի է ունենում Հայաստանի և Նորվեգիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական տարում»,- ասաց Միրզոյանը:
Այս համատեքստում Միրզոյանը նշեց, որ բարձր է գնահատում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված ջանքերին Նորվեգիայի աջակցությունը: