Վերջին շրջանում ակտիվ հանդիպումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նա պատասխանեց այն հարցին, թե ինչ ակնկալիքներ կարող է ունենալ հայկական կողմն ակտիվ դիվանագիտական շփումներից:
«Պետք է ասեմ, որ պատրաստ ենք և ամեն ջանք գործադրելու ենք, որպեսզի նույն ինտենսիվությամբ աշխատանքները շարունակվեն տարածաշրջանում իսկապես կայուն և երկարատև խաղաղություն հաստատելու համար: Այս առումով մեր ակնկալիքները և տրամադրվածությունը չի փոխվել:
Ուրիշ բան, որ այս բանակցություններին զուգահեռ շարունակաբար տեսնում ենք Ադրբեջանի կողմից ոչ կոնստրուկտիվ, ես կասեի՝ առավելապաշտական պահվածք, նաև տեսնում ենք ուժի գործադրմամբ կամ ուժի գործադրման սպառնալիքով այդ բանակցությունների վրա ազդելու ցանկություն և փորձ: Միայն այսպես և այս մեկնաբանությամբ եմ ես տեսնում Ադրբեջանի վերջին ագրեսիան: Մենք գիտենք, որ դրանից առաջ եղել է ևս մեկ ագրեսիա, դրանից առաջ եղել է ևս մեկ սադրիչ գործողություն և նաև հռետորաբանությունը:
Պետք է ասեմ, որ, ակնհայտորեն, այդպիսի գործողությունները չեն նպաստում կառուցողական մթնոլորտին և կառուցողական բանակցություններին: Մեր համոզմամբ՝ այո՛, չնայած դրանց, և շարունակելով մեր նախկին գործելաոճը և արտահայտելով մեր նախկին համոզմունքը, մենք կարծում ենք, որ վերջնական լուծումների պետք է հանգենք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասաց Միրզոյանը: