Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը ներողություն է խնդրել իր ծրագրում թույլ տված «սխալների» համար, որոնք հանգեցրել են երկրում ներդրողների անվստահության և վարկանիշի անկման:
Թրասը, սակայն, խոստովանել է, որ մտադիր չէ հրաժարական տալ: «Ես մնում եմ, որովհետև ինձ ընտրել են այս երկրի համար աշխատելու: Հաջորդ համընդհանուր ընտրություններին ես կգլխավորեմ Պահպանողական կուսակցությունը»,- հայտարարել է Թրասը BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Մեծ Բրիտանիայի վարչապետը հավելել է, որ չի հրաժարվում «կատարված սխալների» պատասխանատվությունից:
Մի քանի օր առաջ հրաժարական էր տվել Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Քվազի Քվարթենգը: Նա ֆինանսների նախարար է նշանակվել սեպտեմբերի սկզբին։ Երկուսուկես շաբաթ անց նա խորհրդարանում ներկայացրել էր տնտեսությանն աջակցելու ծրագիր, որը ներառում էր հարկերի զանգվածային կրճատումներ: Դրանից հետո Թրասսի կառավարությունը բուռն քննադատությունների էր արժանացել. մասնագետները մտավախություններ էին հայտնել, որ դա կհանգեցնի պետական պարտքի ավելացման: