Փարիզը և Նյու Դելին Ջեյթապուրում ատոմակայան կառուցելու վերաբերյալ սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել 2016 թվականի հունվարին: Նրանք պայմանավորվել են արագացնել Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում ատոմակայանի կառուցման նախագծի իրագործումը և լուծել դրա հետ կապված տեխնիկական և ֆինանսական խնդիրները՝ նախքան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Հնդկաստան, որը նախատեսված է հաջորդ տարվա սկզբին: Այս մասին ասվում է Հնդկաստանի ատոմային էներգիայի դեպարտամենտի մամուլի հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Նյու Դելիում հանդիպում է տեղի ունեցել Հնդկաստանի գիտության և տեխնոլոգիայի պետական նախարար Ջիտենդրա Սինգխի և Ֆրանսիայի Ֆրանկոֆոնիայի, զարգացման և միջազգային գործընկերության պետքարտուղար Խրիսուլա Զախարոպուլուի միջև։ «Կողմերը քննարկել են միջուկային էներգիայի ռեակտորների տեղադրումն արագացնելու ուղիները Մահարաշտրայում»,- ասվում է Հնդկաստանի դեպարտամենտի հայտարարությունում:
2016 թվականի հունվարին Հնդկաստան Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Օլանդի այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարների համաձայնեցված ճանապարհային քարտեզի համաձայն՝ նախատեսվում էր 9,9 հազար ՄՎտ ընդհանուր հզորությամբ ֆրանսիական վեց ռեակտոր կառուցել։ Նախագծի արժեքը փորձագետները գնահատել են 1 տրիլիոն ռուփի (ավելի քան 20 մլրդ դոլար): Դրանք կլինեն եվրոպական երրորդ սերնդի ջրով և ճնշմամբ սառեցված (EPR) միջուկային ռեակտորներ: Agence France-Presse-ի տվյալներով՝ Ջեյթապուրում ատոմակայանի կառուցման շնորհիվ զգալի տնտեսական օգուտներ կլինեն, և 70 միլիոն տուն կապահովվի էլեկտրաէներգիայով։
Հեղինակ՝ Էլինա Իշխանյան