Գիտեմ, որ Հայաստանի համար, այս տարածաշրջանի համար ծանր ժամանակներում ենք եկել, մասնավորապես հասկանում ենք՝ ողբերգական դեպքեր են տեղի ունեցել, բայց թույլ տվեք հիշեցնել, որ ԱՄՆ-ը երկպալատային ջանքեր է ներդրում, մասնավորապես, գերիների վերադարձի ուղղությամբ: Մենք դեմ ենք ներխուժմանը, որը տեղի է ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածք, և պահանջում ենք, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր:
Այդ մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսը:
«Մենք նաև հասկանում ենք, որ ԱՄՆ-ը անելիք ունի՝ մասնավորապես, ուղղորդելով միջազգային համայնքին, համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ այս երկարատև հակամարտությանը կարգավորված լուծում ապահովելու համար: Քննարկում ենք հակամարտությունը, ԱՄՆ-ի հնարավոր դերը»,- ասաց Փրայսը:
Ինչ վերաբերում է Հայաստանի հանձնառությանը՝ որպես ժողովրդավարական երկրի, Փրայսը նշեց, որ իրենք՝ որպես Ժողովրդավարական գործընկերության հանձնախումբ, նշել են, որ ազատ ընտրությունները հիմնաքարն են ժողովրդավարության, բայց ավելի կարևոր է՝ ինչ է տեղի ունենում ընտրությունից ընտրություն:
«Այն, ինչ արել է ՀՀ ԱԺ-ն հակակոռուպցիոն բարեփոխումների, ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, մեծապես գնահատելի է, և մենք հպարտ ենք, որ Կոնգրեսը ևս այստեղ ձեռքբերում ունի»,- ասաց Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահը: