ԻՐԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՈՐԵՎԷ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
«Իրանի և հարևան երկրների միջազգային սահմանները չեն կարող փոփոխվել»՝ հայտարարել է Իրանի Իսլամական խորհրդարանի «Հեղափոխական ուժեր» խմբակցության անդամը: Սեյեդ Մոհամմադ Ռեզա Միրթաջ ալ-Դինին, անդրադառնալով Ադրբեջանի ու Հայաստանի տարաձայնություններին և Իրանի դերին այս խնդրի լուծման հարցում, հայտարարել է, որ Իրանը երկու երկրների հարևանն է և նրանց հետ ունի բազմաթիվ կրոնական և մշակութային ընդհանրություններ:
«Երկու երկրների հետ Իրանի կապերը կարող են օգնել լուծել ծագած տարաձայնություններն ու խնդիրները, և Թեհրանը կարող է արդյունավետ գործողություններ ձեռնարկել այս ուղղությամբ»,- հայտարարել է Միրթաջ ալ-Դինին:
Նա հավելել է, որ Իրանը գործում է իր հնարավորությունների սահմաններում՝ լուծելու խնդիրները, ապա ավելացրել է. «Միջազգային սահմանները չպետք է փոխվեն: Այդ սահմանները պատմական են և հաստատուն են մի քանի դար: Իրանը չի ընդունի սահմանների որևէ փոփոխություն»:
ԻՐԱՆԸ ՇՈՒՏՈՎ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ. ՔԱՆԱՆԻ
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ Թեհրանը շուտով պատասխան միջոցներ կսահմանի Եվրամիության նոր պատժամիջոցների կապակցությամբ։ ԵՄ-ը երեկ Իրանի 11 ֆիզիկական անձանց և 4 կազմակերպության դեմ պատժամիջոցներ էր սահմանել՝ ի պատասխան Իրանի ղեկավարության կողմից երկրում շարունակվող բողոքի ակցիաների ճնշման։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը եվրոպական պատժամիջոցներն անվանել է միջազգային իրավունքի խախտում, միջամտություն Իրանի ներքին գործերին։
Քանանին անդրադարձել է նաև Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր տրամադրելու վերաբերյալ Վաշինգտոնի մեղադրանքներին՝ ևս մեկ անգամ պնդելով, որ Իրանը հակամարտության կողմերից և ոչ մեկին զինամթերք չի տրամադրում: Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները համաձայն է բրիտանական և ֆրանսիական գնահատականներին՝ Իրանի կողմից Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը: Ուկրաինան բազմիցս մեղադրել է Թեհրանին՝ հայտարարելով, որ վերջին շաբաթների ընթացքում ռուսական կողմը կիրառել է իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ
Այսօր առավոտից Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել. առավոտյան երեք պայթյուն է որոտացել Կիևի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներում՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։ Կիևի քաղաքապետն էլ հայտնել է, որ թիրախավորվել են քաղաքի հյուսիսարևելյան թաղամասի ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտները։
ԿԱՆԱԴԱՆ ԸՆԴԼԱՅՆԵԼ Է ՌԴ-Ի ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Կանադան ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: Պատժամիջոցներ են սահմանվել ռուսաստանցի 34 ֆիզիկական անձանց, այդ թվում՝ նախագահի օգնականի, մշակույթի նախկին նախարարի, ինչպես նաև «Զվեզդա» հեռուստաալիքի նկատմամբ: Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են նաև դերասաններ, լրագրողներ, հաղորդավարներ: Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Պետդումայի «Նոր մարդիկ» խմբակցության ղեկավար Ալեքսեյ Նեչաևը։
ԱԷՄԳ ՂԵԿԱՎԱՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԿՐԿԻՆ ՀԱՆԴԻՊԵԼ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ ցանկանում է կրկին հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Գրոսին հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի ընդհանուր հայտարարի գալ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգային գոտու ստեղծման հարցում:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը նշել է, որ ՌԴ նախագահ Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ արդյունավետ քննարկումներ է ունեցել, և հիմա անհրաժեշտ է շարունակել քննարկումները:
ՅԵՅՍԿՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱ 13 ԶՈՀ
Կրասնոդարի երկրամասի Յեյսկ քաղաքի բնակելի թաղամասում Սու-34 ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի: Նրանց թվում կա երեք երեխա, 19 մարդ վիրավորվել է՝ հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարարությունը: Սու-34 կործանիչ-ռմբակոծիչը կործանվել էր շարժիչներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով:
ԼԻԶ ԹՐԱՍԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԻՑ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը ներողություն է խնդրել իր ծրագրում թույլ տված «սխալների» համար, որոնք հանգեցրել են երկրում ներդրողների անվստահության և վարկանիշի անկման: Թրասը, սակայն, խոստովանել է, որ մտադիր չէ հրաժարական տալ:
«Ես մնում եմ, որովհետև ինձ ընտրել են այս երկրի համար աշխատելու: Հաջորդ համընդհանուր ընտրություններին ես կգլխավորեմ Պահպանողական կուսակցությունը»,- հայտարարել է Թրասը BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Մեծ Բրիտանիայի վարչապետն ավելացրել է, որ չի հրաժարվում «կատարված սխալների» պատասխանատվությունից: Մի քանի օր առաջ հրաժարական էր տվել Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Քվազի Քվարթենգը: Նա ֆինանսների նախարար է նշանակվել սեպտեմբերի սկզբին։
Երկուսուկես շաբաթ անց նա խորհրդարանում ներկայացրել էր տնտեսությանն աջակցելու ծրագիր, որը ներառում էր հարկերի զանգվածային կրճատումներ: Դրանից հետո Թրասսի կառավարությունը բուռն քննադատությունների էր արժանացել. մասնագետները մտավախություններ էին հայտնել, որ դա կհանգեցնի պետական պարտքի ավելացման: