Սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի պատճառով Գնդեվազ-Ջերմուկ հանրապետական ճանապարհի դադարեցված շինարարությունը, ՊՆ հետ քննարկումների արդյունքում, որոշվել է վերսկսել: Հրետակոծության տակ էին հայտնվել նաև Նորավան-Աղիտու նորակառույց և Վարդենիսի ներհամայնքային ճանապարհները: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի խոսքով, հաշվի առնելով պատերազմական ու արտակագ իրավիճակներում ճանապարհային ենթակառուցվածքների ֆունկցիոնալությունը՝ դրանք, մշտապես կարող են հակառակորդի թիրախում հայտնվել: Ռազմական էսկալացիան որոշակի խնդիրներ է առաջացրել, բայց, Քրիստինե Ղալեչյանն ուրախությամբ շեշտում է, որ հանրապետության ամբողջ տարածքում ընթացքող լայնածավալ ճանապարհաշինության վրա էական ազդեցություն չի ունեցել, աշխատանքների հիմնական մասը չի դադարեցվել: Ավելին՝ բարենպաստ եղանակը թույլ է տալիս ինտենսիվ շարունակել ճանապարհների կառուցումն ու վերակառուցումը բոլոր տեղամասերում:
Քրիստինե Ղալեչյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Միայն Սյունիքի մարզում մենք շուրջ 178 կմ հիմնանորոգման աշխատանքներ ենք կատարում և մոտ 20 կմ միջին նորոգման աշխատանքներ. ընդհանուր, կարելի է ասել, մոտ 200 կմ միայն Սյունիքի մարզում է կատարվում: Բոլորը առաջընթացի փուլում են՝ ասֆալտապատում, հողային աշխատանք, արհեստական կառուցվածքների, ենթահիմքի, հիմքի իրականացման:
Նորոգման աշխատանքից բացի՝ Սյունիքի մարզում կառուցվում են նաև նոր ճանապարհներ: Որոշ հատվածներում առաջացած խնդիրները, Ղալեչյանի խոսքով, լուծվել են, վերսկսվել են շինաշխատանքները: Փոխնախարար Ղալեչյանը հիշեցնում է՝ Կառավարությունը նպատակ է դրել տարեկան նորոգել ու կառուցել մոտ 500 կմ ճանապարհ:
Քրիստինե Ղալեչյան - Այս տարվա համար մենք արդեն 381,4 կմ մոտ 71 ճանապարհի համար շինաշխատանք, տեխհսկողություն և հեղինակային հսկողության համար արդեն ֆինանսական միջոցներ ենք նախատեսել, պայմանագրեր կան: Այս պահին, փաստացի, 281 կմ ճանապարհահատվածի ասֆալտապատումն ավարտված է, մնացածն ընթացքում է:
Այս տարի ևս 155 կմ ճանապարհի միջին նորոգում կիրականացվի:
Քրիստինե Ղալեչյան - Այս պահի դրությամբ 67 մլրդ միայն ճշտված պլանով ֆինանսական հատկացում կա հիմնանորոգման, 27 մլրդ դրամաշնորհ, 6 մլրդը՝ 155 կմ-ի համար: Ֆիանսավորումը տարբեր է՝ ըստ մեր հայտերի: Մեր քաղաքականությունը միտված է ճանապարհաշինական աշխատանքների, բոլոր ծրագրերի իրականացմանը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի խոսքով՝ արդեն իսկ պլանավորում են 2023-ի ճանապարհաշինական աշխատանքները: Վարչապետի հանձնարարությամբ, նախագծերը պետք է ավարտել մինչև տարեվերջ՝ շինարարական սեզոնի մեկնարկին գործը արագ սկսելու համար: