Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը ընթացիկ տարվա 9 ամսվա տվյալով: Առաջատարը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է՝ վճարած 129 մլրդ 163 մլն դրամով, հաջորդում է «Գազպրոմ Արմենիա»-ն՝ 41 մլրդ 802 մլն-ով, երրորդը «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ 32 մլրդ 472 մլն դրամով:
1000 խոշոր հարկ վճարողները միասին 9 ամսում ընդհանուր վճարել են 1 տրիլիոն 82 միլիարդ 627 միլիոն դրամ հարկեր և տուրքեր, որից 890 միլիարդ 480 միլիոն դրամը` հարկերի, 192 միլիարդ 147 միլիոնը՝ մաքսատուրքերի գծով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ խոշոր հարկատուների հարկերն ավելացել են 31.8 տոկոսով:
Պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալը նշում է՝ դրական միտում կա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների առումով, խոշոր հարկատուների ցանկում նրանք արդեն ընդհանուր եկամուտների շուրջ 6 տոկոսն են ապահովում:
Զառա Մելքումովա (ՀՀ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ) - Ցանկում ներառվել են լրացուցիչ շուրջ 224 տնտեսվարող, որոնցից 25-ը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ են, իսկ ընդհանրապես եթե ամբողջ ցանկով նայենք` 71 ՏՏ ոլորտի տնտեսվարող կա ցանկում, որոնք վճարել են շուրջ 64 մլրդ դրամի հարկ, ընդ որում` այս ցուցանիշը եթե համեմատենք նախորդ տարվա և այս տարվա ցուցանիշների հետ, կտեսնենք, որ գրեթե կրկնակի ավելացել է:
Ըստ ՊԵԿ պաշտոնյայի՝ ցանկի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորի կողմից, քանի որ այն ամփոփում է երկրում ակտիվ ոլորտների մասին տեղեկատվությունը: Խոշոր հարկատուներն ընդհանուր 9 ամսվա հարկային եկամուտների 76.7 տոկոսն են ապահովել, միևնույն ժամանակ նրանց մի մասին նաև գումար է հետ վերադարձվել:
Զառա Մելքումովա - Խոշոր հարկ վճարողներին այս տարվա 9 ամիսների կտրվածքով վերադարձվել է շուրջ 79.5 մլրդ դրամ, իսկ ընդհանուր առմամբ բոլոր տնտեսավարողներին ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գծով վերադարձվել է 139.2 մլրդ դրամ, այսինքն` խոշորներին կատարված վերադարձը կազմում է շուրջ 57 տոկոսը:
Բոլոր ուղղություններով հարկերն ավելացել են. մասնագետների խոսքով` շատ կարևոր է, որ նկատվում է ուղղակի հարկերի ավելացում: 1000 խոշոր հարկ վճարողների վճարած ուղղակի հարկերը կազմել են 31.1 տոկոս:
Արմենուհի Բուռնազյան («Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն) - Պետք է նաև նշենք հարկային վարչարարության բարելավման մասին, դա վկայում է նաև այն, որ ուղղակի հարկերը նույնպես ավելացել են տեսակարար կշռում, մեկ այլ գործոն ևս կարելի է նշել հենց այս ժամանակաշրջանին բնորոշ, դա բանկային համակարգի ընկերությունների ակտիվացումն է, և դա պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված բանկային ոլորտի զարգացմամբ:
9 ամսվա կտրվածքով նկատվում է նաև մարզերում գրանցված խոշոր հարկատուների վճարած հարկերի աճ, ուսումնասիրության արդյունքում պարզել են հասարակական կազմակերպությունները:
Արմենուհի Բուռնազյան - 83 տոկոսը հարկատուների գրանցված է Երևան քաղաքում, սակայն երբ նայում ենք հարկային մուտքերի ծավալը, ապա այս դեպքում տեսնում ենք դրական միտում,, այն է, որ մարզերի ընկերությունների կողմից հարկային վճարումները մի փոքր աճ են գրանցել:
Ավելացել է նաև խոշոր հարկատուների ցուցակում հայտնվելու շեմը, եթե նախորդ տարի 1000-րդ խոշոր հարկատուն վճարել էր 141 մլն դրամ, ապա այս տարի 186 մլն դրամ է վճարել:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան