Սեզոնային գրիպը հնարավոր է կանխարգելել պատվաստման միջոցով: Այդ նպատակով առողջապահության նախարարն ու տեղակալներն առաջնային պահպանման օղակում ստացան պատվաստանյութի անհրաժեշտ չափաքանակը:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Սրանով ևս մեկ անգամ ցույց ենք տալիս և մեր քաղաքացիների ուշադրությունն ենք սևեռում, որ պատվաստանյութերը արդեն հասանելի են, և սա ամենաճիշտ ժամանակն է պատվաստվելու, որովհետև հոկտեմբերի սկզբին մինչև նոյեմբեր, եթե մենք ստեղծում ենք այդ պաշտպանության շերտը, առաջիկա սեզոնին պատրաստ ենք լինում դիմակայելու:
Այս տարի սուր շնչառական վիրուսային հիվանդությունները միջին ինտենսիվության են, իսկ սեզոնային գրիպի ակտիվությունը կանխատեսվում է նոյեմբեր-դեկտեմբերին: Հայաստանում 20 տարուց ավելի է՝ իրականացվում են սեզոնային գրիպի դեմ ամենամյա պատվաստումներ:
Գայանե Սահակյան (ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար) - Սեզոնային գրիպի համաճարակային իրավիճակը շարունակվում է մինչև մայիս ամիսը, ամբողջ ժամանակահատվածում մենք կարող ենք առաջարկել պատվաստումներ, և տարիների փորձը ցույց է տալիս, որ մենք կարողանում ենք այս ժամանակահատվածում մեր բնակչությանը պատվաստումներ առաջարկել:
Համաճարակաբանի խոսքով՝ մինչև վերջին դեղաչափը սպառվում է, քաղաքացիների կողմից պահանջարկ կա: Հանրապետությունում առկա է գրիպի դեմ պատվաստանյութի 170.000 դեղաչափ:
Գայանե Սահակյան - 150 հազար դեղաչափը Սանոֆի Պաստեր տետրացին վակցինան է՝ քառավալենտ, իսկ 20 հազարը Ջիսի ֆլյու՝ կորեական արտադրության պատվաստանյութ է: Երկուսն էլ մեր երկրի համար շատ ծանոթ են, տարիներ շարունակ պատմականորեն հենց այս երկու պատվաստանյութերն ենք երկրում կիրառել:
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, թեև դեռ հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիներ կան, բայց հիվանդացության մակարդակը նվազել է ու հարաբերական կայուն է:
Անահիտ Ավանեսյան - Ինչու ենք շեշտադրում գրիպի դեմ պատվաստումները, այս երկու բավական ագրեսիվ հիվանդություններն էլ, սեզոնայնությամբ պայմանավորված, հիմա միասնական շրջանառվում են, և շատ կարևոր է երկուսի դեմ էլ ունենալ պաշտպանության որոշակի աստիճան՝ նվազեցնելու բարդ դեպքերի ռիսկերը:
Գայանե Սահակյան - Մեր ամբողջ բնակչության մոտ 46 տոկոսը մեծահասակ ազգաբնակչության երկու դեղաչափ ստացել է և դրանով իսկ պայմանավորված մեր ալիքները համեմատաբար թեթև, ոտքի վրա են տանում մարդիկ:
Նախարարն ընդգծեց, որ նոր ուղեցույցներով թե՛ գրիպի, թե՛ կորոնավիրուսի դեմ պատվաստումները կարող են իրականացվել միաժամանակ: Գրիպի դեմ պատվաստվել ցանկացող քաղաքացիները կարող են այցելել ցանկացած պոլիկլինիկա կամ շարժական կետ: