ԵՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ
Եվրամիությունը որոշում է կայացրել Հայաստան 2 ամսով 40 մասնագետից կազմված դիտորդական առաքելություն ուղարկել, որը կտեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին՝ ասված է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում։ Առաքելության նպատակն է՝ մշտադիտարկել, վերլուծել և հաշվետվություն պատրաստել ստեղծված իրավիճակի մասին:
«Այս որոշումը հաջորդում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հոկտեմբերի 6-ին կայացած քառակողմ հանդիպմանը»,- նշված է հայտարարության մեջ։
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, մեկնաբանելով որոշումը, նշել է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը միտված է վստահության ամրապնդմանը ստեղծված անկայուն իրավիճակում, որը վտանգում է մարդկային կյանքեր և հակամարտության կարգավորման գործընթացը։
«Սա ևս մեկ ապացույց է, որ ԵՄ-ն հանձնառու է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու վերջնանպատակին»,- նշել է Բորելը։
Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին առաքելության տեղակայման գործընթացն արագացնելու նպատակով որոշում է կայացվել ժամանակավորապես Հայաստան ուղարկել Վրաստանում ԵՄ-ի դիտորդական առաքելության փորձագետներին՝ հաշվի առնելով խնդի հրատապությունը։
ՏՈՒԺԵԼ Է ԵՐԵՔ ՇՐՋԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ. ՇՄԻՀԱԼ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զորքերը ճշգրիտ հարվածներ են հասցնել Ուկրաինայի ռազմական կառավարման օբյեկտներին և երկրի էներգետիկ համակարգին։
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի խոսքով՝ ռուսական հարվածների պատճառով տուժել են երկրի երեք շրջանի էներգետիկ ենթակառուցվածքները։ Մասնավորապես, Կիևում հինգ անօդաչու թռչող սարքի հարվածներ են գրանցվել։ Վնասվել է նաև բնակելի շենք, կան զոհեր:
Շմիհալի խոսքով՝ հարյուրավոր բնակավայրեր հոսանքազրկվել են։ Նա բնակիչներին ևս մեկ անգամ կոչ է արել խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան:
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՇՈՒՐՋ
Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրին վերադառնալու շուրջ բանակցությունները շարունակվում են՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Այնուհանդերձ, ԱՄՆ պաշտոնյաների հակասական գործողությունները ձգձգում են բանակցային գործընթացը: Այժմ միջուկային համաձայնագրին վերադառնալու հնարավորությունը կախված է ԱՄՆ կառավարության որոշումից»,- ընդգծել է Քանանին:
Ավելի վաղ ամերիկայն կողմը հայտարարել էր՝ Վաշինգոնը շարունակում է հավատալ, որ դիվանագիտությունը միակ տարբերակն է՝ վերականգնելու Իրանի հետ միջուկային համաձայնագիրը: Սպիտակ տան խոսնակը նշել էր, որ չնայած դրան՝ ԱՄՆ-ը չի հրաժարվում իրանցի ցուցարարներին աջակցությունից:
Ժոզեպ Բորելն էլ հայտարարել է, որ միջուկային ծրագրի վերականգնման հարցում առաջընթաց չի ակնկալում։ «Դա ցավալի է, մենք արդեն այնքան մոտ էինք հաջողությանը»,- նշել է նա:
ՆԱՏՕ-Ն ԱՄԵՆԱՄՅԱ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ Է ՍԿՍԵԼ
ՆԱՏՕ-ն ամենամյա վարժանքներ է սկսել՝ դաշինքի եվրոպական տարածքը միջուկային զենքի հնարավոր կիրառման հետևանքներից պաշտպանելու համար։ Steadfast Noon զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 30-ը: Դրանց ներգրավված են ժամանակակից կործանիչներ, հետախուզական և լիցքավորող ինքնաթիռներ, ինչպես նաև հեռահար B-52 ռմբակոծիչներ: Զորավարժությունները կանցկացվեն Բելգիայի և Մեծ Բրիտանիայի օդային տարածքում, ինչպես նաև Հյուսիսային ծովում:
ՆԱՏՕ-ում ընդգծել են, որ զորավարժություններն արձագանք չեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին։