Հաստատվել են Հայաստանի ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային ու թեմատիկ տարածական տվյալների ցանկն ու ստանդարտացման ուղեցույցները: Որոշումն ընդունել է Կառավարությունը: Geoportal.am և maparmenia.am՝ այս երկու հարթակներում են տեղ գտնելու տարածական բոլոր տվյալները: Օրինակ՝ գործարարը կարող է հարթակի միջոցով պարզել՝ իր շինարարության հասցեում ո՛ր ենթակառուցվածքը որտեղո՛վ է անցնում՝ գետնի վրայո՞վ, թե՞ տակով: Կհեշտանա նաև օգտագործվող ու չօգտագործվող հողերի մակերեսի հաշվարկումը, ոռոգման ցանցի անցկացումը:
Սուրեն Թովմասյան (ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար) - Մենք գիտենք կադաստրային քարտեզներ, որոնց վրա պետք է արտապատկերվեն հետագայում այս համակարգի ամբողջական գործարկման ժամանակ բոլոր ենթակառուցվածքները, դրանք լինեն ջրագծեր, դրանք լինեն ճանապարհային ցանց, կանաչապատ գոտիներ, հանգստի գոտիներ, հատուկ պահպանվող տարածքներ:
Կկազմվի նաև պատմամշակութային հուշարձանների քարտեզ, որ շինարարը գործի կեսը չանի, հետո պարզվի, որ տարածքում պատմամշակութային արժեք կա: Գործադիրի հաստատած ստանդարտացման ուղեցույցը երկու խմբի է բաժանվում՝ բազային և թեմատիկ: Բազայինը ներառում է հողի կոնտուրը, շենք-շինությունները, հասցեները, հողերի նշանակությունը, սեփականության տեսակները: Մյուսը տեղագրությանն է վերաբերում՝ ռելիեֆ, ջրագրություն, ճանապարհային ցանց՝ սրանք թեմատիկ շերտերի հիմքն են:
Սուրեն Թովմասյան - Եթե մենք վերցնում ենք գետային ցանց՝ ջրագրություն, և վերցնում ենք գետ՝ օրինակ, գետը նկարագրվում է իր անվամբ՝ Ախուրյանի գետ, և Ախուրյանի գետի վերաբերյալ անհրաժեշտ է մասնագիտական կառույցներին, ոչ Կադաստրի կոմիտեին, հավելյալ տեղեկատվության հավաքագրում, օրինակ՝ ջրի ջերմաստիճանը տարվա կտրվածքով, ջրի ծավալը տարվա կտրվածքով, բուսատեսակը, կենդանատեսակը տվյալ գոտու, և սրանք բոլորն արդեն իրենցից ներկայացնում են թեմատիկ շերտը:
Երբ տվյալները տարբեր կառույցներ հավաքում են իրենց սեփական եղանակով, հետագայում դրանք համադրելը կրկնակի բարդանում է: Հարթակներում տվյալներն անընդհատ թարմացվելու են:
Սուրեն Թովմասյան - Յուրաքանչյուր պետական մարմին իր տվյալների խմբագրումը իրականացնելու է իր լիազորությունների շրջանակում: Կադաստրի կոմիտեն պատասխանատվություն է կրելու բազային շերտերի թարմացման, խմբագրման, գեոպորտալում դրանց տեղադրման մասով, և, ինչպես նշեցի, բազային շերտերը հիմքն են, որի վրա պետք է կազմվեն թեմատիկ շերտերը այլ լիազոր մարմինների կողմից:
Գեոպորտալից բոլորը կարող են օգտվել, բայց յուրաքանչյուրն ունի հասանելիության իր մակարդակը՝ քաղաքացիներից մինչև գործարար, ՏԻՄ ու նախարարություն: Կադաստրի կոմիտեում վստահ են՝ փոփոխությունները կբարձրացնեն կառավարման համակարգի արդյունավետությանը: