Լոռու մարզի գյուղատնտեսներն իրենց հողատարածքներում արդեն կարող են օգտագործել անօդաչու թռչող սարք: Այն ձեռք է բերվել Լոռու մարզպետարանի հետ գործակցությամբ՝ Եվրամիության ֆինանսավորմամբ և Ավստրիական Զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրով:
Գոռ Ասրյան (Լոռու մարզպետի տեղակալ) - Ներկայիս տեխնոլոգիական առաջընթացին համապատասխան սա անհրաժեշտություն է, և ես համոզված եմ, որ առաջիկա տարիներին սա միակը չի լինելու մեր մարզում, գյուղացիների կողմից, մեծ ֆերմերների կողմից սա պահանջված միջոցառում է։ Ավանդական միջոցառումներից տարբերվում է նրանով, որ տրակտորը, մեխանիզացիան բույսը չի վնասելու, այլ ամբողջ գյուղատնտեսական միջոցառումն արվելու է վերևից։
Վադիմ Ուզունյան («Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի բաղադրիչի պատասխանատու) - Փորձեցինք նաև ամեն մարզում 1 մոդելային ծրագիր խթանենք և ցույց տանք՝ ոնց է աշխատում։ Եվ աշխատանքային խմբի շրջանակում այդ գաղափարը ծագեց, որ իրա մասշտաբով, իրա հանրային ազդեցությամբ մի մեծ ծրագիր լինի, որի շնորհիվ ամբողջ մարզը կօգտվի։
Ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաների միջոցով կբարձրանա մշակաբույսերի արտադրողականությունը, պայքար կմղվի վնասատուների դեմ:
Արտյոմ Շահվերդյան (Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ) - Հայաստանի Հանրապետությունում ինքը նորամուծություն ա, աշխարհում օգտագործվում են ագրոդրոնները, ինքը խելացի, ճշգրիտ գյուղատնտեսություն ա վարում։ Էֆեկտիվությունը շատ բարձր ա, որը մեր հողօգտագործողները անպայման կզգան, ինչով, այսինքն՝ չի տրորվում հողը, նաև բերքի կորուստն է քիչ ըլնում։
Դրոնների շահագործման հմտություններին տիրապետելու համար մասնագետները տեսական և գործնական մեկշաբաթյա դասընթացներ են անցնում։
Վադիմ Ուզունյան - Հուսանք, որ այս մեկ շաբաթվա դասընթացը իր ազդեցությունը կթողնի, և պատրաստել առնվազն երկու փորձագետ, որոնք լիարժեք տիրապետեն դրոնները օգտագործելու փորձառության և հմտությանը։
Արդեն 20 տարուց ավելի գյուղատնտեսությամբ զբաղվող Կարեն Զալինյանի հողատարածքում անօդաչու թռչող սարքի առաջին փորձերն են: Գյուղատնտեսը վստահ է՝ հատկապես գարնանը, երբ գյուղտեխնիկա դժվար է աշխատեցնել, սարքի արդյունավետությունը տեսանելի կլինի։
Կարեն Զալինյան (գյուղատնտես) - Մենք սրսկում ենք 6-7 անգամ ֆիտոֆտորայի դեմ կարտոֆիլը, պատկերացրեք՝ ծաղկման փուլում, երբ ձևավորված են փռերը, մեծ վնասներ ենք պատճառում, մեխանիկական վնասներ ենք պատճառում նորից, ու ափսոսում ես, որ էդքան վնաս պատճառելով դաշտ ես մտցնում։ Հիմնական պետք է լինի առավելությունը բացի այն, որ վնասներ չես պատճառի բույսին, դաշտերին, գնային տարբերություն էլ պետք է լինի։
Ագրոդրոնի արժեքը տատանվելու է 12-20000-ի սահմանում, ստացված եկամուտն ուղղվելու է մարզում համայնքային ծրագրերի ֆինանսավորմանն ու անապահով ընտանիքների աջակցությանը:
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան