Իրանը եռօրյա լայնածավալ զորավարժություններ է անցկացնում երկրի հյուսիս-արևմուտքում՝ «Հզոր Իրան» ծածկանունով։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը, գրում է ТАСС-ը։
«Հարևան երկրների համար այս զորավարժությունները խաղաղության, բարեկամության և անվտանգությունն ամրապնդելու մտադրության ուղերձ են, թշնամիների համար՝ Իրանի սահմանները պաշտպանելու վճռականության հաստատում»,- հայտարարել է գեներալը։
ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Ալի Աքբար Փուրջամշիդիանն էլ, անդրադառնալով վարժանքներին, նշել է՝ Թեհրանը կարևորում է հյուսիսարևմտյան սահմանների ու Արաքսի շրջանի կայունությունը:
«Ադրբեջանն ու Հայաստանն Իսլամական Հանրապետության համար սպառնալիք չեն, բայց այնտեղ տեղի ունեցող որոշ զարգացումներ վտանգավոր են»,- նշել է պաշտոնյան:
Նա համոզմունք է հայտնել՝ եթե տարածաշրջանի զինված ուժերը սերտորեն գործակցեն, դիվանագիտության և տարածաշրջանի անվտանգության համար բավարար հիմքեր կարող են ստեղծվել: Փուրջամշիդիանը ևս մեկ անգամ շեշտել է՝ առկա խնդիրները չպետք է լուծվեն պատերազմական գործողությունների միջոցով, տարածաշրջանի սահմանները չպետք է փոխվեն: Նա նաև անընդունելի է համարել արտաքին միջամտությունը տարածաշրջանային հարցերին: