ԵՄ 27 երկրի արտգործնախարարները երկուշաբթի Լյուքսեմբուրգում ծրագրված հանդիպում կանցկացնեն, որի օրակարգի առանցքում կլինի ռազմական գործողությունն Ուկրաինայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նախօրեին Բրյուսելում լրագրողներին ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, արտգործնախարարները մտադիր են հաստատել ուկրաինական բանակի ուսումնական առաքելությունը, որը պետք է սկսի գործել եվրոպական տարածքում նոյեմբերի կեսերին։
Բացի այդ, ակնկալվում է, որ նախարարները կանաչ ազդանշան կտան մեկ այլ՝ քաղաքացիական առաքելությանը՝ օգնելու լուծել ադրբեջանա-հայկական սահմանին առկա խնդիրները:
«Հոկտեմբերի 6-ին՝ մեկ շաբաթ առաջ, Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց առաքելություն ստեղծելու վերաբերյալ։ Սպասվում է, որ երկուշաբթի նախարարները դա կհաստատեն»,- ասել է ԵՄ պաշտոնյան։
Դիվանագետի խոսքով՝ առաքելության մասին մանրամասներ դեռ չկան։ «Կարող եմ միայն ասել, որ կտեղակայվի մոտ 40 դիտորդ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ առաջին դիտորդները երկու երկրի սահման կուղարկվեն Վրաստանում ԵՄ առաքելությունից։ «Մենք անձնակազմը վերցնում ենք Վրաստանում մեր առաքելությունից՝ հիմնախնդրի հրատապության պատճառով»,- բացատրել է Եվրամիության ներկայացուցիչը։
ԵՄ քաղաքացիական առաքելությունը կսկսի գործել հոկտեմբերին և կտևի երկու ամիս։