Հոկտեմբերի 17-ին ԵՄ ԱԳ նախարարները կհաստատեն Ուկրաինային 500 մլն եվրոյի չափով ռազմական օգնության հերթական տրանշը՝ գրում է Ինտերֆաքսը։
Ենթադրվում է, որ երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի խորհուրդը կհաստատի Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից Ուկրաինային տրամադրվող ԵՄ ռազմական օգնության վեցերորդ մասնաբաժինը՝ Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան:
«Խաղաղության եվրոպական հիմնադրամի վեցերորդ փաթեթը կկազմի 500 միլիոն եվրո: Այս փաթեթով Ուկրաինային մեր օգնությունն ընդհանուր առմամբ կկազմի 3,1 միլիարդ եվրո: Մոտավորապես, ինչպես նախորդ տրանշներում, զենքի մատակարարումները կտրամադրվեն անդամ երկրների կողմից: Հաշվի կառնվեն նաև ուկրաինացիների արտահայտած կարիքները»,- ուրբաթ՝ հոկտեմբերի 14-ին, ասել է լրատվամիջոցի զրուցակիցը՝ ներկայացնելով ԱԳ նախարարների մակարդակով առաջիկայում կայանալիք ԵՄ խորհրդի օրակարգը։
Ինչպես նախորդ դեպքերում, այս միջոցները նույնպես կծառայեն որպես փոխհատուցում առաքված զենքի համար, սակայն կա մի նոր տարր՝ այս տրանշը կփակի նաև նախկինում մատակարարված զենքի վերանորոգման և պահպանման ծախսերը։ Այս հարցում ԵՄ-ն հիմնվում է այն կարիքների վրա, որոնք հայտնել են ուկրաինացիները՝ ասել է պաշտոնյան։
Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան