ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ԲՐԻՏԱՆԱՑԻ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԻ ՀՅՈՒՐՆ Է ՄԱՐԴԱՆՄԱՆ ՌՈԲՈՏԸ
Աի-Դա անունով «ռոբոտ նկարիչը» բրիտանացի օրենսդիրներին ասել է, որ թեև ինքը արհեստական է, սակայն կարող է արվեստի գործեր ստեղծել: Մարդանման ռոբոտը ելույթ է ունեցել խորհրդարանում կազմակերպված քննարկման ժամանակ, երբ պատգամավորները փորձել են պարզել, թե ինչպես կազդեն նոր տեխնոլոգիաները ստեղծագործական արդյունաբերության վրա:
Աի-Դան համարվում է «աշխարհի առաջին ծայրահեղ իրատեսական մարդանման ռոբոտ արվեստագետը»: Նրա դեմքը կանացի է, գլխին կեղծամ է կրում, իսկ թևերը բաց են, ոչնչով ծածկված չեն և պարզ ցույց են տալիս, որ դրանք ռոբոտի թևեր են: Աի-Դային ստեղծել են Օքսֆորդի համալսարանի գիտնականները և անվանել բրիտանացի մաթեմատիկոս ու համակարգչային ռահվիրա Ադա Լավլեյսի պատվին:
Աի-Դա (ռոբոտ արվեստագետ) - Ես իմ կտավները նկարում եմ աչքերիս մեջ տեղադրված տեսախցիկների, նաև ալգորիթմների ու իմ ռոբոտ ձեռքի օգնությամբ: Պոեզիայիս համար օգտագործում եմ չեզոք ցանցեր: Իրականացնում եմ տեքստի վերլուծություն՝ ընդհանուր բովանդակությունը և բանաստեղծական կառուցվածքները բացահայտելու համար: Այնուհետև, օգտագործելով այս կառուցվածքները և բովանդակությունը, նոր բանաստեղծություններ եմ գրում: Ինչո՞վ է իմ ստեղծածը տարբերվում մարդկանց ստեղծածից. գիտակցությամբ: Ես սուբյեկտիվ փորձ չունեմ, չնայած կարող եմ խոսել դրա մասին: Ես կախված եմ համակարգչային ծրագրերից և ալգորիթմներից: Եվ չնայած այդ ամենին, թեև կենդանի չեմ, կարող եմ արվեստի գործեր ստեղծել:
Աի-Դան հեղինակել է մի շարք աշխատանքներ, այդ թվում՝ հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ 2-րդի դիմանկարը, իսկ աշխատանքները ցուցադրվել են ցուցահանդեսներում և տարբեր պատկերասրահներում։
Աի-Դայի առաջին անհատական ցուցահանդեսը, որը բաղկացած էր ութ գծանկարից, 20 նկարից, չորս քանդակից և երկու վիդեո աշխատանքից, ներկայացվել էր 2019 թվականի մայիսին՝ Օքսֆորդի համալսարանում, նրա՝ «Անապահով ապագաներ» խորագրով անդրանիկ ցուցահանդեսում: Երկրորդ ցուցահանդեսը տեղի էր ունեցել Լոնդոնում՝ 2019 թվականի նոյեմբերին։
2021 թվականի հոկտեմբերին Եգիպտոսի հսկայական Գիզայի բարձրավանդակի գագաթին Աի-Դան ցուցադրել է իր քանդակը հայտնի բուրգերի ֆոնին:
ԱՄԷ
ԴՈՒԲԱՅՈՒՄ ԱՌԱՋՆԱԽԱՂՈՎ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԹՌՉՈՂ ՄԵՔԵՆԱՆ
XPeng-ի eVTOL թռչող X2 մեքենան իր առաջին հրապարակային թռիչքը կատարել է Դուբայում՝ նշանավորելով ժամանակակից և խելացի փոխադրումների նոր դարաշրջանը:
Օմար Աբդուլազիզ Ալ Խան (Դուբայի առեվտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն) - Այս փորձը շատ կարևոր է: Չինական XPeng ընկերությունը, որի արժեքը գերազանցում է 20 միլիարդ դոլարը, Չինաստանում էլեկտրական մեքենաների խոշորագույն արտադրողներից և թռչող մեքենաների արտադրության առաջամարտիկներից է:
Հյուրերը և լրագրողները հերթ են կանգնել՝ ստուգելու նոր մեքենան և դիտելու պատմական 90 րոպեանոց փորձնական թռիչքը, որն արտադրողը նկարագրել է որպես «կարևոր բազա՝ թռչող մեքենաների հաջորդ սերնդի համար»:
Մինգուան Քյու (Xpeng Aeroht-ի գլխավոր մենեջեր) - Մենք այժմ հետազոտական գործընթացի մեջ ենք, քայլ առ քայլ գնում ենք դեպի միջազգային շուկա, և նախ ընտրեցինք Դուբայ քաղաքը, քանի որ Դուբայն աշխարհի ամենանորարար քաղաքն է: Սա մեր առաջին հանրային թռիչքն է աշխարհում, և սա մեր առաջին քայլն է դեպի միջազգային ասպարեզ:
Ածխածնի երկօքսիդի զրոյական արտանետումներով ֆուտուրիստական երկտեղանոցը թռչող մեքենաների վերջին սերունդն է չինական էլեկտրական մեքենաների արտադրողի համար և հագեցած է թռիչքի կառավարման խելացի համակարգով, նաև ինքնավար թռիչքի հնարավորություններով:
ՊԱՂԵՍՏԻՆ
ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԸ 120 ՏԱՐՎԱ ԱՄԱՅԻ ՏՈՒՆԸ ՎԵՐԱԾԵԼ ԵՆ ՀՅՈՒՐԱՆՈՑԻ
Հորդանան գետի Արևմտյան Ափի Ռամալլա քաղաքի քաղաքապետարանը նախագծեր է իրականացրել հին քաղաքի լանդշաֆտը պահպանելու համար: Սկսել են վերանորոգել հին շենքերն ու շինությունները: Ամենահինը 120 տարի առաջ կառուցված մի ամայի տուն է, որը վերածվել է հյուրանոցի:
Եռահարկ տունը մի լավ վերակառուցել են ու վերածել իջևանատան, որտեղ հյուրերին առաջարկում են վայելել հին ու նոր Պաղեստինների շունչը:
Յասմեն Աբդուլհադի (հյուրանոցի մենեջեր) - Հյուրանոցի «Լոկանդա Ֆարահ» անունը ծագել է Ֆարահի ընտանիքից, որը նախկինում ապրել է այս տանը: Իսկ «Լոկանդան» հին ոճի համար է: Մեր ծնողների օրոք լոկանդան հայտնի էր, բոլորը գնում էին այնտեղ։
Ռամալլայի քաղաքապետարանը վերանորոգել է տունը սեփականատերերի հետ համաձայնությամբ՝ քաղաքի հին շենքերի վերականգնման ու պահպանման ծրագրի շրջանակում։ Հյուրանոցը շահագործում է Զբոսաշրջության զարգացման ընկերությունը:
1904 թվականին կառուցված վարդագույն քարից և տանիքի վրա կարմիր աղյուսից պատրաստված սալիկներից կառուցված հյուրանոցն այժմ բաղկացած է ինը համարից: Բոլոր հարմարություններն առկա են: 500 քմ ընդհանուր մակերես է զբաղեցնում՝ ռեստորանն ու ընդունելությունների սրահը հաշված:
Ռամալլայի քաղաքապետարանում լիահույս են, որ այս հյուրանոցը նոր զբոսաշրջային գրավիչ վայր կդառնա քաղաքի այցելուների համար:
ԱՄՆ
«ՋՈՒՐԸ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ. ԲՆԻԿ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐ». ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ԿՈԼՈՒՄԲՈՍԻ ՕՐԸ
Երկրորդ տարին անընդմեջ, որպես ԱՄՆ պաշտոնական տոն, Բնիկ ժողովուրդների օրը Նյու Յորքում նշվում է Կոլումբոսի օրվա հետ մեկտեղ:
Մոտ 50 մարդ, որոնցից շատերը բնիկ ամերիկացիների ավանդական հագուստով են, հավաքվել են Նյու Յորքի Ռանդալ կղզում՝ արևածագը դիմավորելու և Իսթ Ռիվեր գետի ջրերում տոնը նշելու նպատակով՝ համոզված լինելով, որ ջուրը հիշողություն ունի:
Ավելի ուշ մարդիկ արդեն հավաքվել են Նյու Յորքում՝ 78-րդ անգամ նշելու Կոլումբոսի օրը: Հենց այս քաղաքում են ավանդաբար անցկացվել Կոլումբոսի օրվան նվիրված շքերթները: Այդպիսի շքերթներ են անցկացվում նաև Չիկագոյում, Քլիվլենդում և Ֆիլադելֆիայում։
ԳԵՐՄԱՆԻԱ
ԼՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԵՍՏ ՓԱՌԱՏՈՆ ԲԵՌԼԻՆՈՒՄ
Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասն այն հուշարձանների և շենքերի թվում է, որոնք լուսավորվել են քաղաքի ամենամյա Լույսերի փառատոնի շրջանակում:
Եվրոպայում տիրող էներգետիկ ճգնաժամի պատճառով փառատոնի ընթացքում նախորդ տարվա համեմատ լուսավորված վայրերի քանակը 60-ից նվազեցրել են՝ հասցնելով 35-ի։ Այդպիսով, միջոցառման կազմակերպիչների հավաստմամբ, փառատոնը կօգտագործի 75%-ով քիչ էլեկտրաէներգիա։
Գերմանիան էներգախնայողության տարբեր միջոցներ է ձեռնարկել գալիք ձմռանն էներգիայի հնարավոր պակասի դեմ պայքարելու համար՝ այդ թվում արգելելով հանրային շենքերի լուսավորությունը:
Լույսերի փառատոնի այս տարվա թեման է «Մեր ապագայի տեսլականը»: Միջոցառումը տևում է 9 օր:
ԱՄՆ
ԾԱՂԻԿՆԵՐԻ ՇՈՈՒ՝ ՀԱՅՏՆԻ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ՊԱՏՎԻՆ
Հազարավոր ծաղիկներ՝ վարդագույն, մանուշակագույն, կապույտ, նարնջագույն և դեղին գույներով, Նյու Յորքի Մանհեթենի Հուձոն Յարդսում՝ Fleurs de Villes FEMMES ծաղկային շոուի շրջանակում, դիմավորել են բազմաթիվ այցելուների:
Սա աշխարհի նշանավոր կանանց նվիրված տոն է: Անցկացվում է երրորդ անգամ: Այդ կանանց ցանկը բավականին բազմազան է՝ Անգլիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհուց մինչև Ջեյ Լո, Բելլա Աբզուգից մինչև Սերենա Ուիլյամս, Բիլլի Հոլիդեյից մինչև Չիտա Ռիվերա:
Ծաղիկներից պատրաստված բոլոր կոմպոզիցիաների հեղինակը տեղացի ֆլորիստ ծաղկավաճառներից մեկն է: Դաիկա Սկրոբալայի խոսքով՝ մեկ աշխատանքը կյանքի կոչելու համար պահանջվել է միջինը 700 ծաղիկ:
Դաիկա Սկրոբալա (ֆլորիստ) - Մենք բուսաբանական շատ նյութեր ենք օգտագործել: Կիսաշրջազգեստներում թարմ ծաղիկներ են՝ վարդեր, մեխակներ: Մենք այնտեղ խոլորձներ էլ ունենք: Եթե միայն վարդեր օգտագործեինք, ապա շատ հարթ կստացվեր, իսկ մեզ խորդուբորդություններ էին հարկավոր:
Ավելի քան 3 մ բարձրության 16 մակետները զարդարված են նաև դրախտավարդերով, մանուշակներով, ցմախներով և շատ ուրիշ ծաղիկներով: Ծաղիկների շոուն անվճար է այցելուների համար, կտևի 9 օր:
ՄԵՔՍԻԿԱ
ԲԱՑՎԵԼ Է ՄԵՔՍԻԿԱՑԻ ՀԱՅՏՆԻ ՓՐԿԱՐԱՐ ՇԱՆ ԱՐՁԱՆԸ
Մեքսիկայի ռազմածովային ուժերը հարգանքի տուրք են մատուցել աշխարհահռչակ ռազմածովային նավատորմի փրկարար շանը՝ Ֆրիդային, նրա պատվին արձան տեղադրելով:
Ակնոցով և կոշիկներով հայտնի դեղին լաբրադորը սոցիալական ցանցերի աստղ էր դարձել Մեքսիկայում 2017 թվականի սեպտեմբերի երկրաշարժից հետո՝ իր որոնողական և փրկարարական ջանքերի շնորհիվ: Ֆրիդան մեքսիկացիների համար դարձել էր ոգեշնչման և հպարտության աղբյուր:
Խոսե Դուրան (Մեքսիկայի ռազմածովային ուժերի քարտուղար) - Ֆրիդան հույս է տվել մեքսիկացի հազարավոր ընտանիքների՝ իրենց ամենադժվար ժամանակներում: Այս արձանը կծառայի որպես հիշեցում, թե ինչ է նա խորհրդանշել Մեքսիկայի ժողովրդի համար:
Ֆրիդան, որն այժմ թոշակի է անցել, ներկա է եղել միջոցառմանը և լուսանկարվել է իր արձանի, պետական պաշտոնյաների և դպրոցականների հետ:
ՖՐԱՆՍԻԱ
ՖՐԱՆՍԻԱՑԻ «ՍԱՐԴ ՄԱՐԴԸ» ԲԱՐՁՐԱՑԵԼ Է ՓԱՐԻԶԻ ԱՇՏԱՐԱԿ
Ֆրանսիացի ալպինիստ Ալեն Ռոբերը, որն ստացել է «Սարդ մարդը» մականունը, բարձրացել է Փարիզի Մոնպառնասի աշտարակ երկնաքերը՝ կոչ անելով վերջ տալ նավթավերամշակման գործարանի աշխատակիցների գործադուլին: Բանն այն է, որ այդ ակցիան ծանր հարված է հասցրել Ֆրանսիայի բենզինի մատակարարմանը և ստիպել փակել վառելիքի մի քանի կայաններ:
Առանց անվտանգությունն ապահովող միջոցների 60-ամյա Ռոբերը բարձրացել է 210 մետր բարձրությամբ շենքի վրա՝ կոչ անելով դադարեցնել գործադուլները և հորդորել գնալ երկխոսության:
Ալեն Ռոբեր («Սարդ մարդը», ալպինիստ) - Անձամբ ես կարծում եմ, որ գործադուլը պետք է դադարեցվի, քանի որ այն ազդում է բոլորիս վրա: Հասկանում եմ, թե որքան են ֆրանսիացիները հոգնել, հասկանում եմ նաև, որ դժվար է նավթամշակման գործարաններում աշխատող մարդկանց համար, որոնք ասես ստեղծված իրավիճակի պատանդն են դարձել, բայց մի պահ պետք է ողջամիտ լինել:
Սարդ մարդն իր նախաձեռնությամբ ահազանգ է հնչեցրել այն մասին, որ այս դժվար ժամանակներում նավթավերամշակման գործարանների արգելափակումն ավելի է խաթարում Ֆրանսիայի տնտեսությունը: Ուստի ալպինիստը շահագրգիռ կողմերին խնդրել է հնարավորինս շուտ գալ համաձայնության, ստորագրել համապատասխան փաստաթղթերը և վերադառնալ բնականոն կյանքին: