Բելառուսի զորքերի տարածաշրջանային խմբավորման կազմում ՌԴ զինվորականների ընդհանուր թիվը մոտ 9 հազար է: Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Վալերի Ռևենկոն և ընդգծել, որ Ռուսաստանից երկիր է մուտք գործել տարածաշրջանային զորախմբի ավիացիոն բաղադրիչը, գրում է Известия-ն։
Բելառուսի պաշտպանության նախարարությունը հիշեցրել է, որ խմբի ստեղծման որոշումը կայացվել է Բելառուսի տարածքում Միութենական պետության սահմանը պաշտպանելու նպատակով։ Նախարարությունը հայտնել է նաև, որ իրականացնում է ստորաբաժանումների ռոտացիա, որոնք առաջադրանքներ են կատարում պետական սահմանի պաշտպանությունն ուժեղացնելու համար, կամուրջներն ու երկաթուղիները վերցվել են պաշտպանության տակ՝ դիվերսիաները կանխելու նպատակով։
Հոկտեմբերի 13-ին հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը հայտարարեց, որ Մինսկը չի կռվի և տարածքային պահանջներ չի ներկայացնի մյուս երկրներին, բայց հակահարված կտա, եթե խախտվեն Բելառուսի պետական սահմանները։
ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյն էլ նախօրեին հայտարարել էր Բելառուսի սահմանների մոտ օտարերկրյա տեխնիկայի և զինուժի կուտակման մասին և զգուշացրել, որ Մինսկը միջոցներ կձեռնարկի այդ խնդրի հետ կապված։
Հոկտեմբերի 10-ին ՌԴ և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն պայմանավորվեցին համատեղ տարածաշրջանային զորքերի տեղակայման շուրջ։ Բելառուսի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարեց, որ դաշնակից զորքերի խմբի առաջադրանքները զուտ պաշտպանական են։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ ներկայումս կողմերն աստիճանաբար իրականացնում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված Միութենական պետության սահմանների մոտ ստեղծված իրավիճակի ակտիվ արձագանքմանը: