Հնձած արտերի այրումը խստիվ արգելվում է՝ կրկին հիշեցնում են բնապահպանները: Դրա հետևանքով հաճախ հրդեհներ են բռնկվում հարակից տարածքներում: Վերջին նման դեպքը Գեղարքունիքի մարզում հսկայական տարածքի այրման պատճառ դարձավ:
Մասնագետները հերքում են, որ խոտի կամ խոզանի այրումը պարարտացնում է հողն ու մշակաբույսերը պաշտպանում հիվանդությունից:
Նունե Սարուխանյան («Կանաչ արահետ» ՀԿ նախագահ) - Վերանում են հողի վերին շերտի միկրոօրգանիզմները, որոնք հենց ապահովում են բույսերին սննդով:
Այրման հետևանքով նվազում է հողի խոնավության աստիճանը, հողը դադարում է ջուր կուտակել, դառնում է ավելի զգայուն էրոզիայի նկատմամբ: Արագ տեմպով նվազում է ածխածնի և ազոտի պարունակությունը, և բույսերի լրացուցիչ պարարտացման անհրաժեշտություն է առաջանում:
Նունե Սարուխանյան - Բնությանը 2000 տարի է հարկավոր, որ հողը ստեղծի, մենք ընդամենը մի լուցկու հարվածով ինքը դարձնում ենք մեռած, ոչ կենդանի հող:
Կան այլընտրանքային կիրառելի մեթոդներ՝ ասում է օրգանական գյուղատնտեսության խորհրդատուն: Բերքահավաքից հետո, այրելու փոխարեն՝ կարելի է խոզանի երեսվար անել:
Նունե Սարուխանյան - Պարզապես պիտի այդ խոտը խառնել հողի հետ, դրանք կանոնավորում են հողային, սննդային ռեժիմը, խոնավության ռեժիմը, և դրանք դառնում են պարարտանյութեր:
Չոր խոտի այրումը արգելված է օրենքով: Այն կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության:
Տիգրան Գաբրիելյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ) - Ֆիզիկական անձի դեպքում 50-ապատիկի չափով, իրավաբանականի՝ 100-ապատիկի:
Ըստ Տիգրան Գաբրիելյանի՝ թեև դեպքերը նվազել են, սակայն որոշ գյուղացիական տնտեսություններում խոզանի այրման ավանդույթը դեռ շարունակվում է՝ վնասելով բնությունն ու շրջակա միջավայրը:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան