Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության բռնագանձել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանին պատկանող ավելի քան 8 մլրդ դրամի ենթադրյալ ապօրինի գույքը:
Միհրան Բուլղադարյան (ՀՀ ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ) - Վաչագան Ղազարյանից և նրան փոխկապակցված չորս անձանցից պահանջվել է հօգուտ Հայաստանի բռնագանձել 15 միավոր անշարժ գույք Երևան քաղաքում, 6 միավոր անշարժ գույք Ստեփանակերտ քաղաքում, 1 միավոր անշարժ գույք Արմավիրի մարզում և 1 հանգստյան գոտի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, ինչպես նաև 10 տրանսպորտային միջոց:
Ղազարյանին պատկանող անշարժ և շարժական գույքերի ընդհանուր շուկայական արժեքը մոտ 6 մլրդ 460 մլն 176 հազար դրամ է: Նա անշարժ գույք ունի Իսակովի պողոտայում, Ավան վարչական շրջանում: Բռնագանձման է ենթակա նաև 7 տարբեր ընկերությունում մասնակցության իրավունքը, այդ թվում՝ «Յանս» ռեստորանային համալիրը, ավելի քան 137 միլիոն դրամ՝ որպես բանկային հաշիվների մնացորդներ և ավանդներ: Նաև 1 մլրդ 743 մլն 409 հազար դրամ, որը, ըստ դատախազի, չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված լինելու հիմքով:
Միհրան Բուլղադարյան - Վաչագան Ղազարյանին և նրան փոխկապակցված անձանց ամբողջ օրինական եկամուտը կազմել է՝ ուսումնասիրությունը կատարվել է 93 թվականից, ամբողջ օրինական եկամուտը կազմել է, մեր կողմից պարզված եղել է 294 միլիոն դրամ՝ կազմված աշխատավարձից, կենսաթոշակներից:
Մինչդեռ բռնագանձման ենթակա գույքի արժեքը, առանց իրավաբանական անձանց շուկայական արժեքի, մոտ 8 մլրդ դրամ 600 մլն դրամ է: Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանը երկար տարիներ իրականացրել է պետական պաշտոնյաների անվտանգության ապահովումը: Նրա կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելն ու օրինական եկամուտը գերազանցող գույքի ձեռքբերումը համարվել են խնդրահարույց, և 2020-ին դատախազությունը սկսել է ուսումնասիրել Վաչագան Ղազարյանի գույքը:
Միհրան Բուլղադարյան - Պարզվել է, որ ունենալով 294 միլիոն դրամ օրինական եկամուտ, էական գերազանցող գույք է ձեռք բերել: Ներկայացել են փաստաբանի հետ, դիրքորոշում ներկայացնելու հնարավորություն է տրվել, բայց չեն ներկայացրել դիրքորոշում:
Փաստաբան Վարազդատ Ասատրյանը գործի վերաբերյալ մեկնաբանություն չտվեց: Ղազարյանին և փոխկապակցված անձանց պատկանող ենթադրյալ ապօրինի գույքի գործը հակակոռուպցիոն դատարանում է, առաջին նիստը նշանակված է հոկտեմբերի 26-ին: